Հայաստանում մեկ տարի տևած ընտրական գործընթացներից հետո հայաստանյան քաղաքական դաշտում տիրում է լճացած իրավիճակ: Ինչո՞վ է սա պայմանավորված: Այս և այլ հարցերի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ:
-Պարոն Մեսրոբյան, ինչո՞վ եք պայմավորում քաղաքական դաշտում տիրող պասիվ իրավիճակը և ընդդիմադիր ուժերի որդեգրած քաղաքականությունը:
-Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանում գոյություն չունեն դասական իմաստով կուսակցություններ, բնական է, որ դասական իմաստով ընդդիմադիր կուսակցություններ էլ գոյություն չունեն, և իրավիճակը շատ պարզ է. մեր կուսակցությունները զրկվել են մի շատ ու հետաքրքիր խաղալիքից, որը կոչվում է չընտրություններ: Մեկ տարի երեք չընտրությունների մասնակցեցին, հիմա բավականին տխուր վիճակում են, որովհետև մոտակա տարիները ոչ մի լուրջ չընտրություններ չեն սպասվում, իսկ դրանից դուրս պետք է գործ անեն, որն իրենք ունակ չեն անելու:
-Ո՞րն է հայաստանյան ընդդիմության համար մեկ բացթողումը, և ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ընտրություններից առաջ ընդդիմադիր ուժերի միջև որոշակի լարվածություն է առաջանում:
-Ընտրություններից առաջ մեծ իմաստով գնում է հետևյալ նպատակադրումը, այն է՝ ամեն գնով սեփական գինը բարձրացնել: Սեփական գինը բարձրացնելու նպատակը ավելի թանկ վաճառվելն է, իսկ հիմա, քանի որ վերջացել են այդ գործընթացները, դրա հետ մեկտեղ գին բարձրացնելու –իջեցնելու հնարավորություն էլ չկա, դրա համար կուսակցությունները տխրության մեջ են:
-Մայիսի 29-ին www.hetq.am լրատվական կայքը հրապարակեց մի նյութ, որտեղ ասվում էր այն մասին, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը, իսկ այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Ի՞նչ կասեք այս տեղեկությունների վերաբերյալ:
-Հայաստանում 91թվականից ստեղծվեց մի կառավարման համակարգ, որը որակական փոփոխություններ անելու ունակ չէ, նա ավելի շատ աշխատում է «յոլա ռեժիմով» և այդ հոգեբանությունը ներարկում է մեր ժողովրդի մեջ, ինչը կարող է բերել ցանկացած բացասական երևույթների, այդ թվում և այն երևույթների, որը վերջին տարիներին դարձել է հանրության համար մատչելի: Հետևաբար ինձ այնքան էլ հետաքրքիր չի այս կամ այն կոնկրետ երևույթը, քանի որ ես գիտեմ, որ կոնկրետ երևույթը դա հետևանքն է մեր պետական համակարգի անարդյունավետ, լճացած գործունեության:
-Ի՞նչ կասեք Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ կատարված դեպքի մասին, արդյո՞ք անպատժելիության մթնոլորտի հետևանք էր կատարվածը և ի՞նչ եք կարծում' կպատժի արդյո՞ք գործող ռեժիմը Սուրեն Խաչատրյանին:
-1991թվականից մեր պետական կառավարման համակարգում արմատացած է անպատժելիության մոտեցումը, և սկզբունքը իշխանության ձևավորման՝ մերոնքական և ոչ մերոնքական է: Եթե մերոնքական-ոչ մերոնքական իմաստով է, ապա սա նշանակում է, որ մերոնքականին պետք է պահել, միայն մի դեպքում են հանձնում մերոնքական անձին, երբ չհանձնելն ավելի վտանգավոր է համակարգի համար: Եթե ճնշումը, աղմուկը, ընդվզումները շատ ուժեղանան, ապա ինչու՞ չէ, կարող է դա լինի: Օրինակ' Վահե Ավետյանի սպանության ժամանակ այդ ճնշման ալիքի ներքո օլիգարխներից մեկը վայր դրեց իր պատգամավորական մանդատը:
Էմմա Պալյան
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի