Սյունիքի մարզի թ. 37 ընտրատարածքից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Հայկ Գրիգորյանը կտրականապես հերքում է տարածված այն խոսակցությունների իսկությունը, թե, իբր, ինքն առաջիկայում հրաժարվելու է մանդատից, որպեսզի նրա փոխարեն ԱԺ պատգամավոր դառնա Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ըստ պատգամավորի, նման քննարկում ՀՀԿ-ում չի եղել:
Բացի այդ՝ պատգամավորն իրեն պարտավորված է զգում Գորիսի, Սիսիանի և ընտրատարածքում ընդգրկված հարակից շուրջ 6 տասնյակ գյուղական համայնքների ընտրողների առջև:
Պատգամավորը, ի պատասխան «Փաստինֆո»-ի թղթակցի հարցի, հրաժարվեց որևէ գնահատական տալ Սյունիքի մարզպետարանի կողմից Ս.Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մանրամասների հրապարակմանը: «Դուք ինձ հարցնում եք մի բանի մասին, որին այսօր կարող է տրվել միայն իրավական գնահատական, ուստի ես զերծ կմնամ»,-ասաց Հ.Գրիգորյանը՝ հավելելով. «Ես իրավունք չունեմ իրավական հարթությունից դուրս սեփական, անհատական կարծիք հայտնել, չեմ էլ ուզում այդ կարծիքը հայտնել»: