Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր երդվեց Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Երդման արարողությանը ներկա էր քաղաքական ողջ էլիտան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը, մշակութային և հասարակական գործիչներ:
Եկել էին շնորհավորելու Տարոն Մարգարյանին։ Այնտեղ էր նաև Երևանի նախկին քաղաքապետ, ներկայում՝ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինքը Տարոն Մարգարյանի կողմից քաղաքում արված որ աշխատանքով է հպարտանում և կցանկանար ինքն արած լիներ, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց.
«Շատ բաներ է անում Տարոն Մարգարյանը: Ես որպես մասնագետ եմ նայում այդ հարցին և ավելի խորն տեսնում, ինչը դուք չեք տեսնում։ Շատ լավ աշխատանքներ են կատարվում այսօր մայրաքաղաքում»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք կարոտում է իր նախկին պաշտոնը, Գագիկ Բեգլարյանն ասաց. «Ես իմ երեխաներին եմ կարոտում»։
Իսկ ինչ վերաբերում է՝ կցանկանա՞ր այսօր իր ինագուրացիան լինել, Բեգլարյանն ասաց. «Գիտե՞,ք եկեք նորմալ կյանքով ապրենք, ցանկություններով երազանքներով մարդիկ չեն ապրում»։
Որպես այդ պաշտոնում արդեն պաշտոնավարած, Երևանի խնդիրներին ծանոթմարդ՝ Գագիկ Բեգլարյանից Lurer.com-ի թղթակիցը հետաքրքրվեց վերջին շրջանում շատ քննարկումների առիթ հանդիսացած մի թեմայի շուրջ. բաց մրցույթ է հայտարարված Հանրապետության հրապարակը վերակառուցելու համար, ինքն ինչպես է վերաբերում ծրագրին: Բեգլարյանն ասաց. «Այդ կարգի լուծումներ տալուց առաջ պետք է դրվի հասարակական քննարկման և հասարակությունը պետք է ընդունի։ Եթե դա Հանրապետության հրապարակին կտա ավելի պատշաճ տեսք, քան այսօր կա, ես համաձայն եմ, եթե ոչ՝ ես համաձայն չեմ»:
Գագիկ Բեգլարյանը չի եղել Մոնսերատ Կաբալյեի համերգին, քանի որ քաղաքում չի եղել։
Ավելի մանրամասն՝ Lurer.com-ի պատրաստած տեսանյութում.