«Քանի հոգի էլ փողոց դուրս գա, Հանրապետական կուսակցությունը հեռացող չէ»,-կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն է ասում՝ պատճառաբանությամբ. «Ինչի՞ հեռանալ»։
Պարոն Զոհրաբյանը զարմանում է՝ ուրեմն բոլոր ընտրություններն իզո՞ւր են անցկացվել, որ Հանրապետականը փողոցային շարժումով թողնի, հեռանա. «Դե թող ժողովուրդը մեզ ձայն չտա, մենք էլ հեռանանք, ի՞նչ ա եղել»։ Այս մասին գրել է «Ա1+»–ը։
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի կարծիքով, նախ պետք է ընդդիմությունը կարողանա մի 30-40 հազար մարդ դուրս բերել փողոց, նոր մտածի Հանրապետականի հեռանալու մասին. «Ո՞ր մեկն ա մինչեւ էսօր էդքան մարդ հավաքել»։
Պարոն Մովսիսյանը կգերադասեր չլսել այդպիսի հարցեր, թե երբ պիտի իշխանությունից հեռանա Հանրապետականը. «Էս ղեկավարությունը որ չլինի, երկիրը գոյություն չի ունենա, միայն էս օրոք ա լավ, միայն էս օրոք ա լավ»։
Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ թոռը, պատգամավոր Կարինե Պողոսյանը ոչ մի լավ բան չի խոստանում նրանց, ովքեր հոգնել են Հանրապետականից
«Միեւնույն է, ով էլ գա, նույն հոգնեցուցիչն է լինելու ժողովրդի համար»,-ասում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Պողոսյանը։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով, Հանրապետականի հեռացման պահանջով փողոց դուրս գալը թանկ կնստի Հայաստանի վրա, թող մարդիկ մնան իրենց տներում. «Հենց հայերը դարձան փողոցային ամբողջ պետությունը կքանդեն»։
Պարոն Սահակյանն ասում է, որ հայերի գործը չէ եվրոպացիների ժողովրդավարության մեթոդներով փողոց դուրս գալն ու սրա-նրա հրաժարական պահանջելը։ «Հայ մարդ եղեք»,-կոչ է անում նա։
«Երկրի պրոբլեմը հանրապետականը չի կարող լինել, երկրի պրոբլեմը հայ մարդն է, որը հանրապետական է, դաշնակցություն է, չգիտեմ, ԱԺՄ է, ՀԱԿ է, բակ է»,-ասաց նա։
Գալուստ Սահակյանը կարող էր Հանրապետական չլինել, բայց երկրում դրանից վիճակն ավելի լավ չէր լինի։ Այսօր, ըստ նրա, ՀՀԿ-ն առաքելություն է իրականացնում, լավ կլինի, որ մյուսները համախմբվեն նրա շուրջ։