Lragir.am. Հասարակությանը գազի գնի բարձրացման վերաբերյալ պայմանագիրը ցույց չտալու Հայաստանի իշխանությունների եւ Գազպրոմի ցանկությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ «տղամարդկային», «գողական» հարաբերությունների վկայություն է: Այդ հարաբերությունները «եղբայրական» են «եղբայր», «ախպերություն» բառերի գողական իմաստով:
«Տղամարդկային» «եղբայրությունում» հստակ հիերարխիա կա, որը մերժում է ցանկացած իրավահավասարություն: Միջպետական հարաբերություններում «եղբայրությունը» առաջարկում է հիերարխիայում ցածր գտնվող պետության ինքնիշխանության կրճատում՝ հօգուտ մյուսի: Հայ-ռուսական հարաբերություններում աշխատում է հենց այդ սկզբունքը:
Երկու պետություններում էլ «տղամարդկային» հարաբերությունները իմպերատիվ են՝ ինչպես երկրների ներսում, այնպես էլ արտաքին քաղաքականությունում: Կիրառվում են ավանդական «պանյատկաները»՝ յուրայինը յուրայինին չի հանձնի, օտարին պետք է «ստուգել», «կտրսեր» եղբայրը չի կարող հակաճառել «ավագին» եւ այլն: Աստված, մայրն ու հայրենիքը սուրբ են, սակայն միայն եղբայրության համար, իսկ օտար աստվածների, մայրերի ու հայրենիքների հետ պետք է վարվել ինչպես պետք է: Սակայն գլխավորը սեփական «կրուգն» է, եւ հենց դրանով է պայմանավորված այն, որ Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ «խորհրդային» եղբայրության շրջանից:
Հիերարխիան բնորոշ է տղամարդկանց աշխարհին, որը միշտ եւ ամենուր բաժանվում է կաստաների, արիստոկրատիայի եւ համբալների, հարուստների եւ աղքատների: Կանանց աշխարհում հիերարխիա չկա, եւ հնարավոր է, հենց դրանով կարելի է բացատրել Անգելա Մերկելի կանցլերության շրջանում Գերմանիայի կտրուկ թռիչքը: Կանցլերի պաշտոնում կնոջ են նշանակել, որը կոտրել է տղամարդկանց օլիգարխիան եւ դարձել պարզապես պետական մայրիկ:
Մասնագետները կպարզեն՝ արդյոք նա ճիշտ տնտեսական քաղաքականություն է վարում, թե ոչ, սակայն Մերկելին հաջողվել է տղամարդկանցից խլել պետական գանձարանը (ոչ միայն գերմանական, այլ նաեւ համաեվրոպական), ովքեր սովորել են գումարներ ծախսել հաճույքի եւ սեփական կարգավիճակի հաստատման համար՝ չմտածելով սառնարանի մասին:
Արմատական բարեփոխումներ անելու հարցում հայկական իշխանությունների անկարողությունը կամ ցանկության բացակայությունը կապված է այն բանի հետ, որ նրանք ամուր կապվել են «եղբայրական» պայմանավորվածություններով՝ միմյանց միջեւ, Ռուսաստանի, մնացած «եղբայրության» հետ: Թվում է, նրանք պայմանավորվածությունների այլ համակարգ չեն էլ պատկերացնում, առավել եւս, հիմնված օրենքի եւ Սահմանադրության վրա:
Իրավիճակից դուրս գալու համար ազգագրագետ Աղասի Թադեւոսյանն առաջարկում է նախագահի պաշտոնում կին ընտրել: Հնարավոր է, կին-նախագահին կհաջողվի «ոչ» ասել Պուտինին եւ էժան գազ գնել Իրանից, քնքշորեն ժպտալ Սամվել Ալեքսանյանին եւ խլել նրանից առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման մենաշնորհը, նույն կերպ մայրաբար հեռացնել Աղվան Հովսեփյանին աղմկոտ գործերի հանդեպ դատախազության հետաքրքրության բացակայության համար, որոնց մասին աղաղակում են լրատվամիջոցները:
Ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր ենթադրում, այս երկրում «տղամարդ չի գտնվել», ովքեր կարող են անել դա առանց սեփական առողջությանը վնաս տալու: Միգուցե կին-նախագահը կարողանա: 

Նաիրա Հայրումյան