ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը մարդկանց առևտրի դեմ պայքարին նվիրված ամենամյա զեկույցում նվազեցրել է Ռուսաստանի, Չինաստանի և Ուզբեկստանի վարկանիշը' հասցնելով այն երկրների մակարդակին, որոնք չեն համապատասխանում այդ ոլորտում նվազագույն չափանիշներին. գրում է Взгляд-ը:

Այս պետությունները հայտնվել են նույն մակարդակի վրա 3-րդ աշխարհի երկրների շարքում, ինչպիսին են Ալժիրը, Կոնգոն, Կուբան, Գվինեան, Էրիթրեան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Քուվեյթը, Լիբիան, Մավրիտանիան, Պապուա Նոր Գվինեան, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Եմենը և Զիմբաբվեն: Համաձայն Պետդեպի կանոնների' այս երկրները կարող են ենթարկվել պատժամիջոցների կրթական և մշակութային ոլորտում ֆինանսավորումը կրճատելու տեսքով կամ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից օգնություն ստանալու դեպքում կարող են բախվել ԱՄՆ-ի դրած վետոյին:

Պատժամիջոցները կարող են ուժի մեջ մտնել արդեն այս տարվա հոկտեմբերից, եթե ԱՄՆ-ի նախագահը որոշում չկայացնի դրանք չեղյալ հայտարարելու մասին՝ ելնելով այն հանգամանքից, որ պատժամիջոցների կիրառումը կարող է վնասել ԱՄՆ-ի ազգային շահերին: