ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին դադարեցնել Դոնբասում հրադադարի խախտումները: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջեն Պսակին, փոխանցում է «ՌԲԿ-Ուկրաինան»:

 

«Քարտուղար Քերին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի հետ խոսել է այսօր առավոտյան: Նա Լավրովին կոչ է արել դադարեցնել Դեբալցևոյում ուկրաինական դիրքերի վրա ռուսական և անջատողական հարձակումները և հրադադարի խախտման այլ ռեժիմներ: Քարտուղարը Ռուսաստանին կոչ է արել ապահովել ԵԱՀԿ դիտորդների մուտքը Դեբալցևո»,- ասել է Պսակին:

 

«Ակնհայտ է, որ եթե անջատողականների բռնությունը շարունակվի, եթե Ռուսաստանն ու անջատողականները չիրականացնեն համաձայնագիրը, եթե Ռուսաստանից մարտիկներ և սարքավորումներ շարունակեն մտնել Ուկրաինա, ապա ավելի շատ պատժամիջոցներ կսահմանվեն, և, իհարկե, լուրջ զրույց կլինի միջազգային հանրության շրջանակներում»,- նշել է Պսակին: