ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, եթե Մոսկվան եւ Թեհրանը համաձայնագիր կնքեն ապրանքների դիմաց իրանական նավթի մատակարարումների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն, տեղեկացնում է BBC-ն:
Լյուն Ռուսաստանի իր պաշտոնակցին՝ Անտոն Սիլուանովին, այդ մասին նախազգուշացրել է Վաշինգտոնում կայացած երկկողմ հանդիպմանը, որտեղ ընթանում է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ղեկավար մարմինների նստաշրջանը:
ԱՄՆ-ի ֆիննախարարի խոսքով՝ Ռուսաստանի եւ Իրանի գործարքը կհակասի Թեհրանի հետ միջազգային բանակցորդների «վեցյակի» համաձայնագրին, ըստ որի՝ Իրանը խոստացել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը Արեւմուտքի կողմից պատժամիջոցների մեղմացման դիմաց:
Ավելի վաղ Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ, հաղորդել Է, որ Ռուսաստանը եւ Իրանը առաջընթացի են հասել ռուսական սարքավորումների դիմաց իրանական նավթի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցություններում. գործարքի գումարը կարող Է կազմել 20 մլրդ դոլար:
Հունվարին ԶԼՄ-ները հաղորդել Էին, որ ՌԴ-ն եւ Իրանը քննարկում են ռուսաստանյան սարքավորումների եւ ապրանքների դիմաց Ռուսաստանին օրական մոտավորապես 500 հազար բարել իրանական նավթի մատակարարման հարցը: Ավելի ուշ Իրանի դեսպան Մեհդի Սանային հաստատել Է բանակցությունների փաստը, հավելելով, որ խոսքն օրական մի քանի հարյուր հազար բարել նավթի մատակարարման մասին Է:
Ռուսաստանում գործակալության աղբյուրը հայտնել Է, որ Մոսկվան «իր կողմից պատրաստել Է բոլոր փաստաթղթերը»: Նա հավելել Է, որ պարտավորագրում նավթի վերջնական գնի շուրջ պայմանավորվածություն դեռեւս ձեռք չի բերվել: Նրա խոսքով՝ քննարկվել Է ռուսական ապրանքների դիմաց, ներառյալ մետաղներ եւ պարենամթերք, Իրանից նավթի մատակարարման տարբերակը: Ռազմական տեխնիկայի մատակարարման մասին համաձայնագրում չի խոսվում:
Բացի այդ, Reuters-ի աղբյուրն ասել Է, որ գործարքի ընդհանուր գումարը, ինչպես սպասվում Է, կկազմի 15-ից մինչեւ 20 միլիարդ դոլար: