Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, սպառնալով նոր պատժամիջոցներով, Ռուսաստանից պահանջել են դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինայի արեւելյան տարածաշրջաններին եւ ուկրաինացի «անջատականների» պատրաստումը:

 

«Երկու ղեկավարները ողջունել են Ուկրաինայի արեւելքում հրադադարի ապահովման ուղղությամբ նախագահ Պորոշենկոյի գործադրած ջանքերը: Նրանք նշել են, որ, թեեւ նախագահ Պուտինը կոչ է արել անջատականներին ընդունել զինադադարը, մենք դեռ պետք է տեսնենք, որ Ռուսաստանը կոնկրետ գործողություններով դադարեցնում Է Ուկրաինայի սահմանով զենքի մատակարարումները եւ անջատողական խմբավորումների վարժեցումը»,- ասված է վարչապետի գրասենյակի ներկայացուցչի հայտարարության մեջ:

 

Նա հիշեցրել է, որ «յոթնյակն» արդեն կոչ է արել Ռուսաստանին ձեռնարկել այդ միջոցները եւ նախագուշացրել է, որ հակառակ դեպքում Մոսկվային պատժամիջոցներ են սպասում:

 

«Վարչապետը նշել է, որ այդ խնդիրը քննարկելու է Եվրոպայի մյուս ղեկավարների հետ եւ պնդելու է շարունակել համապատասխան պատժամիջոցներ սահմանելու նախապատրաստական աշխատանքները»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: