Ռուսաստանը կարող է լրացուցիչ պատժամիջոցների ենթարկվել Ուկրաինայի վերաբերյալ Միսնկի համաձայնությունների խախտման դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել են ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Սյուզան Ռայսը եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Սպիտակ տան հաղորդագրության մեջ ասված է, որ մարտի 12-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ նրանք մատնանշել են «Մինսկի համաձայնությունների ամբողջական կատարման անհրաժեշտությունը, ներառյալ ռազմական գործողությունների դադարեցումը, ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը, որպեսզի դիտորդները կարողանան ստուգել սպառազինությունների հետքաշումը եւ բոլոր գերիների ազատումը»:
«Նրանք նաեւ ընդգծել են, որ Ռուսաստանի համար գինը կբարձրացվի այն դեպքում, եթե հետագայում տեղի ունենան Մինսկի համաձայնությունների խախտումներ, կամ նրա կողմից աջակցվող անջատականները փորձեն գրավել նոր տարածքներ»,- նշվում է փաստաթղթում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Ռայսը եւ Շտայնմայերը «համաձայնել են, որ անհրաժեշտ է աջակցել Ուկրաինայի իշխանություններին, որոնք տնտեսության կայունացմանն ուղղված քայլեր են ձեռնարկում»:
Մինչ այդ Շտայնմայերը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ Մինսկում ձեռք բերված համաձայնությունները կարող են դառնալ Ուկրաինայում իրադրության նորմալացման վերջին հնարավորությունը: «Մինսկի համաձայնությունների փաթեթը, ինչպես ես քանիցս արդեն ասել եմ, հնարավոր է կատարյալ չէ, բայց, հավանաբար, լարվածության ապաէսկալացման հասնելու միակ, ավելի շուտ նույնիսկ վերջին հնարավորությունն է»,- լրագրողներին ասել է դիվանագետը Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ կայացած բանակցություններից հետո:
Նա նշել է, որ «հարկավոր է շարունակել ճնշումը հակամարտող կողմերի վրա», հասնել լիակատար հրադադարի եւ, Մինսկի համաձայնություններին համապատասխան, անցնել խաղաղ գործընթացի հաջորդ փուլ: