«ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ: Նա ցանկություն էր հայտնել հանդիպել տեղի Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) հետ, սակայն խորհրդի անդամ, Nouvelles d’Arménie թերթի գլխավոր խմբագիր Արա Թորանյանն ու խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը հրաժարվել են հանդիպումից»: Այս մասին օրերս գրել էր «Ժամանակ» օրաթերթը:

Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում Սփյուռքի նախարարի մամլո խոսնակ Մամիկոն Խուրշուդյանը հերքեց տարածված ինֆորմացիան։

«Հայտնում եմ, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նյութի հրապարակման ժամանակ գտնվել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում, որտեղ մասնակցել է «Միգրացիայի շուրջ միջազգային երկխոսության (ՄՄԵ)» շրջանակներում Սփյուռքի հարցերով նախարարական համաժողովին և դեռևս չի հանդիպել Եվրոպայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նման հանդիպում նախատեսված է հունիսի 22-ին Մարսելում, որին իրենց մասնակցությունն են հաստատել սփյուռքահայ կառույցների հարյուրավոր ներկայացուցիչներ»,- ասաց Խուրշուդյանը:

«Պարզելու համար, թե ինչ պատճառով են նրանք հրաժարվել Սփյուռքի նախարարի հետ հանդիպել, «Ժամանակը» զրուցել է Արա Թորանյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ խնդիրն այն է, որ այդ հանդիպման մասին իրենց տեղեկացրել են հանդիպումից մի քանի րոպե առաջ, հետևաբար, իրենք էլ մերժել են։ «Ուրիշ պատճառ չկա, որ մատնանշեմ։ Բայց մենք մեր գործերն ու ծրագրերն ունենք, և մեր հանդիպումներն այդպես չեն արվում, նախապես պետք է զգուշացնել, որ հանդիպենք։ Մեզ մոտ նման բան չկա, որ հանդիպումից մի քանի րոպե առաջ ասեն, մենք էլ գնանք: Նա որոշել էր այդ ժողովն անցկացնել առանց մեր կազմակերպությանը նախապես տեղյակ պահելու, վերջին վայրկյանին է ասում, մենք դրան վարժված չենք, այս մոտեցումը մեզ խորթ է»: