Ինչպես տեղեկանում ենք Facebook սոցիալական ցանցի կողմից տարածած մամլո հաղորդագրությունից, ցանցում տեղ գտած տեխնիկական սխալի պատճառով 6 մլն օգտատերերի էլեկտրոնային հասցեներն ու հեռախոսահամարները հասանելի են դարձել այլ մարդկանց:
Ընկերությունը նշում է, որ օգտատերերի անձնական տեղեկությունները հասանելի են դարձել միայն նրանց համար, ովքեր ծանոթ են եղել տեխնիկական սխալից տուժած օգտատերեին: Facebook-ը հատուկ պարզաբանում է, որ կայքում գովազդի պատվիրատուներին օգտատերերի մասին տեղեկութունը հասանելի չի եղել:
Տեխնիկական սխալը տեղի էր ունեցել Facebook-ի ծառայություններից մեկի պատճառով, որը մշակում է օգտատերերի մասին եղած տեղեկությունը, ինչի միջոցով էլ օգտատիրոջ համար հատուկ առաջարկներ է անում, օրինակ' այս կամ այն անձին ընկերների ցուցակում ընդգրկելու մասին առաջարկը: Դրա արդյունքում որոշ օգտատերերին տեսանելի են եղել ոչ միայն իրենց, այլև իրենց ընկերների անձնական տվյալները:
Facebook-ը պնդում է, որ անսարքությունը հարթվել է, իսկ այն օգտատերերը, ովքեր դրա զոհն են դարձել, արդեն համապատասխան ծանուցում են ստացել այդ մասին ընկերությունից: