Սան Ֆրանցիսկոյի բնակչուհի Այսիս Անշալին (Isis Anchalee) գանգատվել է, որ Facebook-ի վարչակազմը արգելափակել է սոցցանցում իր հաշիվը՝ «Իսլամական պետությունv ահաբեկչական խմբավորման անգլալեզու անվանման հետ (Islamic State of Iraq and ash-Sham կամ կրճատ՝ ISIS) իր անվան համընկնելու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտնել է Twitter-ի իր էջում:

 

«Facebook-ն ինձ ահաբեկիչ է համարում: Ըստ երևույթին նրանց համար բավարար չէ իմ անձնագրի պատճենն ուղարկելը, որպեսզի նրանք ապաարգելափակեն իմ հաշիվը»,- գրել է Այսիսը:

 

Աղջիկն իր անձնագրի պատճենն ուղարկել է սոցցանցի վարչակազմին, սակայն իր հաշվի վերականգնմանը հասել է միայն երրորդ փորձից հետո: Facebook-ի ներկայացուցիչ Օմիդ Ֆարիվարը հրապարակավ ներողություն է խնդրել ամերիկուհուց. «Այսիս, ես ներողություն եմ խնդրում պատահածի համար: Ես չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել: Տեղեկացրել եմ հարկավոր մարդկանց, և մենք աշխատում ենք խնդրի լուծման վրա»:

 

Այս տարի ավելի վաղ Facebook-ը հաստատել է նոր կանոններ, որոնց համաձայն՝ օգտատերերը պարտավոր են նշել իրենց իսկական անունները: Այսպես, արգելված է անուններին ավելացնել խորհրդանշաններ, կետադրական նշաններ, մասնագիտական ու կրոնական տիտղոսներ: