Թուրքիայում նորից հայկական պատմամշակութային ժառանգության դեմ վայրագության դեպք է արձանագրվել։
Ինչպես հայտնում է Թուրքիայում գործող «Այքըրըդողրուլար» կայքի հայազգի լրագրող Ջևաթ Սինեթը, թուրքական իշխանությունները սկսել են քանդել Մուշում հայերին պատկանող պատմական նշանակության տները։
Նախկինում հայերին պատկանած տները քանդելու որոշում է կայացրել Մուշի քաղաքապետարանը, որտեղ մեծամասնություն են կազմում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները։
Հայերի տների փոխարեն կառուցվելու են պետական մարմինների համար նախատեսված շենքեր։
Բացի հայերի տներից, քանդվել է նաև մոտակայքում գտնվող պատմական նշանակության բաղնիքը։ Աղբյուրը նշում է, որ ապամոնտաժման դեմ հանդես եկող քաղաքացիներին ոստիկանությունն ահաբեկում է։
Նշենք, որ հայկական տները գտնվում էին Մուշի կենտրոնում։