Galatv.am. «Եթե Սիրունյանը միջնորդում է, որ Սեդրակյանի խափանման միջոցը փոխվի, ապա ես էլ մյուս երկուսի համար եմ միջնորդում»: Դատարանում այսպիսի հայտարարություն արեց Պարույր Հայրիկյանը այն բանից հետո, երբ Սեդրակյանի պաշտպան Սիրունյանը հանդես եկավ վերջինիս խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ: Հայրիկյանը նշեց, որ եթե անգամ նրանց դատապարտելու են, ապա գոնե մինչ այդ թող վայելեն իրենց երեխաների ներկայությունը:

Սիրունյանը նշեց, որ խափանման միջոցը փոխել ասելով ինքը նկատի ունի ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, իսկ դրա անհնարինության դեպքում առաջարկեց Սեդրակյանի ամբողջ գույքի բռնագրավմամբ ազատ արձակել նրան մինչ դատավարության ավարտը և վճռի կայացումը:

Փաստաբանը գտնում է, որ դատարանում ապացույցները հետազոտելուց հետո Սեդրակյանի մեղավորությունն ապացուցող փաստեր չեն հայտնաբերվել:

Սեդրակյանը, լրացնելով փաստաբանի խոսքը, նշեց, որ իրեն ձերբակալել են օրենքի խախտմամբ, քանի որ ինքը ձերբակալման օրը՝ 2013 թվականի մարտի 5-ին, դեռևս անձեռնմխելի է եղել, քանի որ այդ ժամանակ նախագահի մյուս թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրությունները բողոքարկելու համար դիմած է եղել Սահմանադրական դատարան, և բողոքարկման արդյունքերը դեռևս պարզ չեն եղել:

Անդրադառնալով Սեդրակյանի՝ ազատության մեջ գտնվելու դեպքում փախուստի դիմելու կամ դատավարական ընթացքում նոր ապացույցների հայտնաբերմանը խոչընդոտելու հավանականությանը՝ Սեդրակյանը նշեց, որ ինքը չունի դրանց համար պատճառներ, քանի որ գործով անցնող մյուս ամբաստանյալները իր դեմ վկայություն չեն տվել, ուստի փախչելու դեպքում ինքը կասկածի տակ կդնի իր անմեղությունը:

Բացի այդ, Սեդրակյանը ասաց, որ ամբաստանյալներ Պողոսյանին և Հարությունյանին ձերբակալել են մոտ մեկ ամիս ավելի վաղ, քան իրեն, ուստի եթե մեղավոր լիներ ինքը և փախչելու անհրաժեշտություն ունենար, ապա դա կաներ այն ժամանակ, երբ հեռուստացույցով իմացել էր, որ Պողոսյանին ու Հարությունյանին ձերբակակել են ՝ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի կասկածանքով:

Դատարանն այժմ հեռացել է Սիրունյանի ներկայացրած միջնորդությունը քննարկելու:

Արաքս Մամուլյան