Վոլգոգրադում ահաբեկչական ակտ տեղի ունենալու մասին կեղծ ահազանգի համար Մուշեղ Դանիելյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով տուգանվել է 200.000 ՀՀ դրամի չափով:
22-ամյա Մուշեղ Դանիելյանը 2013թ մարտի 14-ին՝ ժամը 01:24-ին, իր բջջային հեռախոսահամարով զանգահարել է «112», իսկ ժամը 01:36-ին՝ «911» հեռախոսահամարներին և հայտնել, որ իր ընկերը' Վոլոդյան զանգահարել և ասել, թե հաջորդ օրը Վոլգոգրադ քաղաքի «Վորոշիլովսկի» առևտրի կենտրոնի 2-րդ հարկում ահաբեկչության ակտ է տեղի ունենալու: Նախաքննական մարմնի գնահատմամբ, 22-ամյա տղան նախապես գիտակցել է, որ իր տրամադրած տեղեկատվությունը սուտ է եւ նրանք մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով՝ ահաբեկության մասին սուտ հաղորդում տալու համար։
Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալը միջնորդել է գործը քննել արագացված կարգով՝ ընդունելով առաջադրված մեղադրանքը, ինչը դատարանի կողմից բավարարվել է։
Դատարանի գնահատմամբ, գործով ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներ ձեռք չեն բերվել, իսկ պատիժ նշանակելիս հաշվի է առել ոչ միայն կատարված հանցագործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, այլև ամբաստանյալի ամբաստանյալի երիտասարդ լինելն ու զղջալը։ Մուշեղ Դանիելյանն անհաջող ահազանգի համար մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով եւ դատապարտվել տուգանքի։