ԳԱԼԱ-ն տեղեկացնում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Մինչ դատավարության մեկնարկը դատավոր Մարտին Սարոյանը հայտարարեց, որ ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ կիրառվել է սանկցիա նախազգուշացման տեսքով՝ նախորդ դատական նիստին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառով: Հիշեցնենք, որ փաստաբանը նախորդ նիստին հայտարարել էր, որ չի ցանկանում մասնակից դառնալ դատարանի կայացրած ապօրինի որոշումներին և հեռացել էր դատարանի դահլիճից: Դատակոչված վկաները դատարան դարձյալ չէին ներկայացել, ուստի փաստաբան Լուսինե Սահակյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ դատարանին ներկայացնելով ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներ, որոնցում պարզ երևում է, որ Վարդան Ղուկասյանը ֆիզիկական առումով ի վիճակի է դատարան ներկայանալ, ավելին, մասնակցել է Ամենափրկիչ եկեղեցու գմբեթի հրդեհաշիջման աշխատանքներին և հանդես է եկել ուղիղ եթերով:
Հաշվի առնելով վերը նշված հրապարակումները՝ Լուսինե Սահակյանը դատարանին խնդրեց վերանայել Վարդան Ղուկասյանի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները հրապարակելու մասին որոշումը և վերջինիս դատարան ներկայանալու մասին ծանուցում ուղարկել, իսկ չներկայանալու դեպքում բերման ենթարկելու մասին որոշում կայացնել:
Դատավոր Մարտին Սահակյանն էլ հակադարձեց փաստաբանին. «Դուք ներկայացրեցիք միայն Վարդան Ղուկասյանի վերաբերյալ, մենք ունենք նաև այլ վկաներ, որոնց վերաբերյալ դատարանը որոշում է կայացրել հրապարակել նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները»: Մասնավորապես խոսքը վերաբերում էր ամբաստանյալի մորը՝ Անահիտ Նիկոլյանին և Մանյա Ղուկասյանին, ով սպանված Կարեն Եսայանի հարսնացուն էր: «Անահիտ Նիկոլյանի առողջական վիճակն արդեն բավարար է, որպեսզի հաջորդ դատական նիստերին նա ներկայանա դատարան: Մանյա Ղուկասյանի պարագայում մենք ունենք համապատասխան փաստաթուղթ՝ ներկայացված Սպիտակ հիվանդանոցից, որտեղ ասվում է, որ վերջինս ունի խնդիրներ՝ կապված կույր աղիքի հետ, ինչը պահանջում է վիրահատական միջամտություն, արդեն 3 շաբաթ ժամանակ է անցել, և նա կկարողանա ներկայանալ դատարան»: Մեղադրող կողմը միջնորդության հետ համաձայն չէր և կարծում էր, որ անհրաժեշտ է հրապարակել նախաքննության ընթացքում տված ցուցմունքները՝ առանց վկաներին դատարան հրավիրելու: Դատարանը որոշեց վկաների նախաքննության ցուցմունքների հրապարակումը դադարեցնել և շարունակելով դատական նիստը՝ դիտել գործին կցված տեսաերիզները: Հայտարարված 30 րոպե ընդմիջումից հետո, երբ դատարանը պատրաստվում էր անցնել ապացույցների քննարկմանը՝ այն է տեսաերիզների դիտում, տուժողի իրավահաջորդը առարկեց՝ նշելով. «Ասենք եկեղեցին այրվում ա, մարդն էլ աստվածավախ մարդ ա, իրան նետել է կրակների մեջ, ես էլ լինեի կվազեի, դա ի՞նչ հիմք է, որ դատարանը փոխի իր որոշումը»:
Կողմը առարկեց նաև տեսաերիզների հրապարակմանը, քանի որ, այդ դեպքում նախ փոփոխվում է դատաքննության կարգը, բացի այդ, կողմը պատրաստվում էր դատարան հրավիրել վկաների, որոնք ևս պետք է մասնակցեն տեսաերիզների դիտմանը: Առարկությունից հետո դատարանը նոր որոշում ընդունեց չհրապարակել տեսաերիզները և, բացի Վարդան Ղուկասյանի ցուցմունքից, հրապարակել մյուս վկաների նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Դատարանի փոփոխական որոշումները վիճաբանության առիթ ստեղծեցին կողմերի միջև, իսկ այն բանից հետո, երբ դատարանը սկսեց հրապարակել նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները, ամբաստանյալի պաշտպան Լուսինե Սահակյանը կրկին դուրս եկավ դատարանի դահլիճից՝ հրաժարվելով մասնակցել այն դատական նիստին, որի ընթացքում կայացվում են ապօրինի որոշումներ: Դատական նիստը առանց պաշտպանների շարունակվել չէր կարող, ուստի հետաձգվեց: Նշենք, որ ըստ մեղադրվող կողմի՝ Մանյա Ղուկասյանի դատարան ներկայանալու փաստը շատ կարևոր է, քանի որ նա առանցքային վկա է, և պաշտպանական կողմը պետք է հնարավորություն ստանա նրան հարցեր ուղղել: Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Հարություն Սարգսյանը սպանել է Մանյա Ղուկասյանի փեսացուին խանդի հողի վրա:
Նաիրա Նալբանդյան