Lragir.am. ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի վարչակազմն արդեն երկրորդ անգամ է հայտնվում յուրօրինակ «լրտեսական սկանդալի» մեջ: Առաջինը Վիկիլիքսի արտահոսքն էր, իսկ երկրորդը դառնում է Սնոուդենի գործը, որը բացահայտում է ամերիկյան հատուկ ծառայությունների աչքերը շարքային քաղաքացիների թիկունքում: Բարակ Օբամայի նախագահությունն ըստ ամենայնի կհիշվի այդ երկու աղմկոտ գործերի եւ մեկ էլ Բեն Լադենի սպանությամբ: Թեեւ, ԱՄՆ նախագահը դեռ ժամանակ ունի նշանակալից այլ հետք թողնելու համար:
Մյուս կողմից, այն, ինչ տեղի ունեցավ Ասանժի եւ Սնոուդենի պարագայում, թերեւս կարելի է հեղափոխական որակել ընդհանրապես համաշխարհային կյանքում: 21-րդ դարի քաղաքացու համար իհարկե ամենեւին զարմանալի չէ դիվանագիտական գրագրությունների բովանդակությունը կամ հատուկ ծառայությունների հանդգնությունն ու ընդլայնվածությունը: Բայց մի բան է, երբ մարդիկ չեն կասկածում, որ այդ ամենը կա, մեկ այլ բան, երբ այդ ամենը դրվում է բոլորի առաջ:
Այդ իմաստով, կամա թե ակամա, Օբամայի վարչակազմը համաշխարհային հանրությանը «մատուցել» է այդ ծառայությունները, որոնց հեղափոխական արդյունքն ըստ երեւույթին կզգացվի տարիների ընթացքում: Վերջին հաշվով, ասել, թե ամերիկյան վարչակազմը շատ ծանր հարված է ստացել աղմկոտ այդ պատմություններից, գոնե առայժմ դժվար է: Վիկիլիքսացիայից հետո շատերը համարում էին, որ դա մեծ հարված էր Վաշինգտոնին, սակայն հետագա գործընթացներում հազիվ թե նշմարվեց Վաշինգտոնի համաշխարհային դերի կապակցությամբ որեւէ էական բարդություն:
Դժվար է ասել, թե ինչ էր կատարվում քաղաքական խոհանոցում, սակայն ի վերջո այդ խոհանոցը որեւէ կերպ իր արտացոլումը ստանում է, իսկ տվյալ պարագայում կարծես թե ԱՄՆ-ի համար Վիկիլիքսի հարվածը նոկաուտ կամ նոկդաուն չառաջացրեց: Փոխարենը պարզ դարձավ, թե փաստացի ինչքան կոմպրոմատ է կուտակել ԱՄՆ տարբեր պետությունների առաջնորդների, քաղաքական ընդդիմության առաջնորդների, տարբեր պաշտոնյաների վրա: Կարելի է պատկերացնել, թե նրանցից շատ շատերը ինչ տագնապով են սպասում, թե հանկարծ մի օր ինչպես դուրս կլողա ասենք նրանց որեւէ գանգատը ամերիկյան որեւէ դիվանագետի ուսին: Այնպես որ, մեղմ ասած հարաբերական է, թե ով ավելի տուժեց Վիկիլիքսի արտահոսքից:
Սնոուդենի գործը համեմատաբար նոր է, եւ այն դեռ կունենա նոր զարգացումներ, կստանա նոր ծավալներ: Գործն արդեն իսկ վտանգի տակ է դրել ամերիկա-ռուսական հարաբերությունը, քանի որ Սնոուդենը հանգրվանել է Մոսկվայում, իսկ Պուտինն էլ հայտարարել է, որ նա հանցանք չի գործել եւ հետեւաբար սխալ է նրան հանձնել ԱՄՆ իշխանությանը, առավել եւս, որ ԱՄՆ հետ Ռուսաստանը չունի հանցագործներին հանձնելու մասին համաձայնագիր: Վաշինգտոնն արդեն զգուշացրել է Ռուսաստանին, որ Սնոուդենին չհանձնելու դեպքում կլինեն խնդիրներ:
Այդ խնդիրները սակայն երեւի թե արդեն իսկ կան, եւ Սնոուդենի հանգամանքը դրանց արտացոլումներից մեկն է: Խնդիրների մասին ակնհայտ դարձավ Մեծ Ութնյակի Վեհաժողովի օրերին, երբ Պուտինը բավական կոշտ խոսեց Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ ասուլիսում, իսկ հետո բավական սառը հանդիպում եղավ Բարակ Օբամայի հետ:
Դրանից հետո ծագեց Սնոուդենի սկանդալային պատմությունը կամ այն հասավ Ռուսաստան: Դժվար է ասել, Ռուսաստանն այդ պատմության շրջանակում ծուղա՞կն է ընկել՝ երբ Սնոուդենը որոշել է հանգրվանել Մոսկվայում, թե պարզապես իր մոտ է բերել Արեւմուտքի անառակ որդուն եւ փորձում է նրան օգտագործել Արեւմուտքի դեմ:
Համենայն դեպս, իրավիճակը Մոսկվայի համար հետաքրքրական է: Մասնավորապես այն իմաստով, որ տարիներ առաջ Կրեմլն էր հայտնվել նույն խնդրի առաջ՝ Արեւմուտքում ապաստանած եւ բացահայտումներ անող նախկին ԿԳԲ-ականի գործով: Խոսքը Լիտվինենկոյի մասին է: Մոսկվան Մեծ Բրիտանիայից պահանջում էր նրան, բայց չէր ստանում: Ի վերջո, Լիտվինենկոյին սպանեցին, իսկ նրա սպանության համար մեղադրում էին ռուսական հատուկ ծառայության մեկ այլ աշխատակցի՝ Լուգովոյին:
Հիմա երեւի թե Ռուսաստանը մտածում է, որ եթե կարող են, թող սպանեն Սնոուդենին, իսկ քանի նա ողջ է, ինքը Արեւմուտքին կփոխհատուցի այն ապրումները, որ նրանք իրեն էին պատճառում Լիտվինենկոյի պարագայում:
Ի դեպ, Լիտվինենկոն հետաքրքիր բացահայտումներ էր արել նաեւ հոկտեմբերի 27-ի գործով, հայտարարելով, թե դա ռուսական հատուկ ծառայությունների կազմակերպածն է: Հետաքրքիր է, արդյոք Սնոուդենի գործով կլինեն Հայաստանին առնչվող բացահայտումներ:  

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ