Ինչպես արդեն հրապարակել էր ԳԱԼԱ-ն, հուլիսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում տեղի է ունենալու գյուղապետի արտահերթ ընտրություններ: Առաջադրվել են 5 թեկնածու: Ինքնառաջադրվել են ՀՅԴ անդամ, գյուղապետի տեղակալ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը, ով, ի դեպ, նախորդ անգամ ևս առաջադրվել էր և համարվում էր Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիմնական մրցակիցը: Իրենց թեկնածություններն են առաջադրել նաև «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյանը, «Դելիկտ» ՍՊԸ-ի տնօրեն, փաստաբան Ցոլակ Գրիգորյանն ու Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ Գալուստ Մկրտչյանը:
ԳԱԼԱ-ի լրագրողը սպասվող ընտրությունների վերաբերյալ զրուցել է գյուղապետի թեկնածու, անկուսակցական Ցոլակ Գրիգորյանի հետ: Նա առաջին անգամ է մասնակցում այդ համայնքում տեղի ունեցող ընտրություններին և իր առաջադրումը մեկնաբանում է այսպես. «Պատճառներից հիմնականը դա այն է, որ որպես մասնագետ այդ ոլորտի (ես իրավաբան եմ և քաղաքագետ) գտնում եմ, որ որպես մասնագետ պետք է նմանատիպ ոլորտում լինեմ և ունենալով համապատասխան գիտելիքներ և հնարավորություններ՝ համայնքում առաջացած խնդիրները լուծելու հարցում, վստահ եմ, որ ես կարող եմ այսօր առավելապես օգնել պռոշյանցուն այդ խնդիրները լուծել և որոշեցի առաջադրվել»:
Ըստ Ցոլակ Գրիգորյանի՝ անկախ այն հանգամանքից, թե ով կլինի թեկնածու և կամ ով կընտրվի, միևնույնն է, համայնքում խնդիրները չեն լուծվի, քանի որ դրա համար կան լուրջ պատճառներ: «Առաջինը դա այն է, որ համայնքում առաջացել է մի իրավիճակ, որտեղ կա անզիջում պայքար երկու խմբավորումների միջև, իսկ այդ պայքարը գնում է թույլատրելիի և անթույլատրելիի բոլոր միջոցներով իշխանության հասնելու համար, որը ուղղակի ի նպաստ չի ծառայում համայնքին, այլ հակառակը՝ խոչընդոտում է համայնքի զարգացմանը, խոչընդոտում է փոխհարաբերությունների կայունացմանը և բոլոր խնդիրներով թուլացնում է համայնքը»:
Հարցին, թե ինչ խմբավորումների մասին է նշում, Ցոլակ Գրիգորյանը նշել է հետևյալը. «Այն խմբավորումները, որ երկար տարիներ Պռոշյանում ձևավորված է, և այն առաջին անգամը չէ: Երկար տարիներ անզիջում պայքար է գնում բոլորի միջև՝ անցնել իշխանության: Մարդիկ անընդհատ ցանկանում են դա անել՝ մոռանալով հանրային շահի մասին, մոռանալով պռոշյանցու շահի մասին, մոռանալով, որ Պռոշյանը կարող են շատ ավելի զարգացնել և ոչ թե պայքարել միմյանց դեմ, այլ հանունի, հանուն շահի»: Ցոլակ Գրիգորյանի խոսքերով՝ միմյանց դեմ պայքարելով թշնամանքը ավելի է խորացել, ինչը նորմալ ավարտ չի բերի: Նա նշում է, որ բոլորին էլ հայտնի է, թե ինչպես է իշխող ՀՀԿ-ն անցկացնում ընտրություններ, սակայն հարցը նրանում է, որ այսօր մարդիկ իրականում ունեն ընտրելու հնարավորություն:
Փայլակ Ֆահրադյան
Լուսանկարը՝ shamshyan.com-ի