168.am. «Նախագահի գնահատականների հետ միշտ համակարծիք եմ»,- այսօր խորհրդարանում հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով հունիսի 29-ին նախագահականում տեղի ունեցած քննարկման ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հասցեին Սերժ Սարգսյանի հնչեցրած գնահատականներին: Սա ուշագրավ է նրանով, որ հենց Հովիկ Աբրահամյանն էր ԱԺ-ում ՎՊ հաշվետվությանը «տուշ տվողը»: Բավական է հիշել Աբրահամյանի որակումները ՎՊ հաշվետվության ներկայացումից հետո. Էլ «լափողներ», էլ «թալանչիներ ու գողեր»: Սերժ Սարգսյանի շաբաթօրյա ելույթից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է, և Հովիկ Աբրահամյանն, ըստ ամենայնի՝ հասկացել է, որ անցել է ռուբիկոնը: Առաջին հերթին, թերևս, հենց դրանով է պայմանավորված, որ ԱԺ նախագահն այսօր շտապել է հանդիպել լրագրողների հետ ու ներկայացրել իր արդարացումները: Իսկ որ Հովիկ Աբրահամյանի հայտարարություններն արդարանալու, ոչ թե Սերժ Սարգսյանին պատասխանելու փորձ են՝ երևում է նրա զգուշավոր ձևակերպումներից: «Ես հայտնել եմ իմ կարծիքը, տպավորությունը՝ հաշվետվության ներկայացման գործընթացի հետ կապված»,- ասել է Աբրահամյանը: Ուշադրություն դարձրեք ձևակերպմանը. Հովիկ Աբրահամյանն ասել է, թե իր «տպավորությունն ու կարծիքը» վերաբերել է ոչ թե ՎՊ-ի բուն հաշվետվությանը, այլ «հաշվետվության ներկայացման գործընթացին»: Իհարկե, սրանք ընդամենը մանրուքներ են՝ ի համեմատություն Հովիկ Աբրահամյանի այն հայտարարության, որ «նախագահի գնահատականների հետ միշտ համակարծիք եմ»: Իշխան Զաքարյանին նախագահականում ուղղված հանդիմանանքից հետո, թե «բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք», կամ «ձեր տանը կարող եք դրա մասին խոսել», Հովիկ Աբրահամյանի այսօրվա հայտարարությունները «մեղայականի» տեսք են ստանում: Այն առումով, որ ինքը ևս ընդունում է մեղքը, որ իրավունք չուներ կարծիք հայտնելու: Դրա համար էլ ասում է՝ տպավորություն: Իսկ տպավորությունները, ինչպես հայտնի է՝ կարող են խաբուսիկ լինել: Հովիկ Աբրահամյանն, այսպիսով, այսօր ընդամենն ասել է, որ ինքը սխալվել է, որ նրա տպավորությունը խաբկանք է եղել, որը, ըստ ամենայնի՝ կհաստատվի Գլխավոր դատախազության կողմից: Ի դեպ, Հ. Աբրահամյանը, թերևս, նախագահականում կայացած քննարկումից հետո իմանալով կամ կռահելով, թե ինչ է տեղի ունենալու դրա ընթացքում, անցած շաբաթվա վերջին ինքն էր ՎՊ հաշվետվությունն ուղարկել Գլխավոր դատախազություն: Իշխան Զաքարյանի սխալները Դատախազության կողմից բացահայտելու գործընթացն անձամբ նախաձեռնելու և գոնե դրանով իր մեղքը քավելու միջոցով: Բայց հազիվ թե սա կարող է բավարար համարվել, որպեսզի Հովիկ Աբրահամյանը չոր դուրս գա այս պատմությունից: Դա հասկանում է նաև ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, ով, ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե իրեն դժվար օրեր են սպասվում, ոչ թե ժխտողական պատասխան է տվել, այլ անորոշ տոնով ասել է. «Այսօր ես կարծիք չեմ ուզում հայտնել, սպասենք»: Թե հատկապես ինչի՞ է սպասում Հովիկ Աբրահամյանը, բնականաբար, ինքն էլ չգիտի: Դա կախված է միայն Սերժ Սարգսյանից, ով այս անգամ կարող է և չներել ԱԺ նախագահին՝ հերթական դավադրության փորձի համար: Իսկ որ ՎՊ-ի հաշվետվությունը, կամ, ինչպես Հ. Աբրահամյանն է ասում, դրա «ներկայացման ընթացքը» Ս. Սարգսյանի կողմից կարող էր որակվել՝ որպես դավադրություն, երևում է հենց Սերժ Սարգսյանի՝ հունիսի 29-ի ելույթից: Ներիշխանական ստվերային հարաբերությունների գիտակ համարվող Հովիկ Աբրահամյանը թերևս ամենալավն է պատկերացնում, որ այս անգամ պատմությունը կարող է ավարտվել իր հրաժարականով, ինչից մի քանի անգամ կարողացել է խուսափել նախկինում: Այնպես որ, բացառված չէ, որ սպասելու ընթացքում նա նաև պատրաստի հրաժարականի դիմումը: Համենայնդեպս:

 

Ռոբերտ Տեր-Սարգսյան