Երեկ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Մինչ ՀՀԿ-ականները շտապում էին զբաղեցնել իրենց տեղերը, ՀՀԿ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Բյուզանդի, Արամի, Խանջյանի, 33-րդ թաղամասի բնակիչները:

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենց տարածքը պետության կողմից ճանաչվել է գերակա շահ և օտարվել: Բնակարանատերերը սպառնում էին գրավել ՀՀԿ-ի գրասենյակը, եթե կառավարությունը շուտափույթ որոշում չկայացնի և չհատուցի իրենց բնակարանների համար:

Նշենք, որ տևական ժամանակ է՝ քաղաքացիները գալիս էին ՀՀԿ-ի գրասենյակի մոտ, բայց նրանց արձագանքող չէր լինում: Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը թվով 15 բնակչի հետ ուղևորվեց դեպի Կառավարության շենք՝ քննարկելու քաղաքացիների պահանջները:

Մեր թղթակցի թղթակցի հետ զրույցում Տիգրան Սարգսյանի մամլո քարտուղար Հարություն Բերբերյանը տեղեկացրեց, որ Արամի, Բյուզանդի և 33-րդ թաղամասի բնակիչների հետ հանդիպման ընթացքում քաղաքացիները տեղեկացրել են, որ կառուցապատող ընկերությունները չեն կատարել իրենց պարտավորությունները:

«Վարչապետը Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հանձնարարել է պարզել պատճառները: Բնակիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել 10 օր անց՝ հնարավոր լուծումները քննարկելու համար»: