ԳԱԼԱ. Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի տնօրեն Գնել Ռոստոմյանին ազատել են պաշտոնից. վերջինս դրանում քաղաքական պատճառներ է տեսնում:

Գնելը Ռոստոմյանը Հանրապետական կուսակցության անդամ է: Պատմում է, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ թեկնածություն է դրել իր ընկերը' Հակոբ Հակոբյանը, ով այլ կուսակցության անդամ է: Գյուղի գյուղապետն ու մարզպետը կասկածել են, որ ինքը աշխատում է ընկերոջ օգտին, որն էլ, ըստ Ռոստոմյանի, պատճառ է դարձել, որ իրեն ազատեն պաշտոնից:

Ռոստոմյանն ասում է, որ 2004 թվականին, երբ դպրոցներում աշխատելու պայմանները խստացվել են, և բոլոր տնօրենները պիտի պարտադիր հավաստագրեր ստանային, ինքը ժամանակավորապես նշանակվել է դպրոցի տնօրեն, և պաշտոնավարման ընթացքում լուծել է դպրոցի վառելիքի խնդիրները, բարելավել սանիտարահիգիենիկ պայմանները, հորդորել, որ ավելի մեծ թվով աշակերտներ սովորեն բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ռոստոմյանը նշում է, որ իր պաշտոնավարման ընթացքում մոտ 5 անգամ ժողով է նախատեսված եղել' դպրոցի տնօրեն ընտրելու համար, սակայն դրանք չեն կայացել, իսկ այժմ իրեն փոխարինել է Սուսաննա Նազարյանը, որը դարձյալ ժամանակավորապես է պաշտոնավարում:

Նախկին տնօրենն ասում է, որ Սուսաննա Նազարյանի վրա նախկինում հոդված է եղել' պաշտոնական դիրքի չարաշահման համար: Վերջինս աշխատելիս է եղել էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցում, այնտեղից հեռացվել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանագրով:

Ռոստոմյանը պատմում է, որ իր ընկեր Հակոբը մի անգամ ասել է, թե իր ընկերներից շատերը ստիպված են լինում մորուքով գնալ իր մոտ, որպեսզի ոչ ոք չճանաչի իրենց, մարզպետն էլ ամենայն հավանականությամբ մտածել է, որ ինքն այդ ընկերների շարքում է: Մի օր մարզպետը խնջույքի ժամանակ ինձ ասում է, «Էլ մորուք չես դնու՞մ»: Պարոն մարզպետ, էդ դիմակներն ու մորուքները ձեզ համար են»,- բարկանում է Ռոստոմյանը ու հավելում, որ ինքը իր հարազատ կուսակցության օգտին է աշխատել: Նա պատմում է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ մարզպետ Ղահրամանյանը իրեն հարցրել է, թե իր դպրոցից քանի մարդ է ձայն տալու, ինքն էլ ասել է' 15, այն դեպում, որ դպրոցն ունի 20 աշխատող, մարզպետն էլ դժգոհ է մնացել թվից: Լրագրողի հարցին, թե փաստորեն ինքը դպրոցում զբաղվել է քաղաքականությամբ, նախկին տնօրենը պատասխանում է, որ ինքը աշխատել է, բայց քարոզչությամբ չի զբաղվել:

Արաքս Մամուլյան