Lragir.am. Հաճախ են հնչում գնահատականներ այն մասին, որ ներկայում Հայաստանի հանդեպ Ռուսաստանի իշխանության ակնհայտորեն անբարյացակամ քայլերը պայմանավորված են նոյեմբերին Վիլնյուսում տեղի ունենալիք Եվրամիության Արեւելյան Գործընկերության Վեհաժողովի ընթացքում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հեռանկարով: Ռուսաստանին դուր չի գալիս, որ Հայաստանը կատարելու է այդ քայլը եւ ուզում է պատժել, հետ պահել:
Այլ կերպ ասած, իրավիճակային ֆոն է ձեւավորվում, ըստ որի Ռուսաստանը Հայաստանի դեմ քայլեր է կատարում, որովհետեւ Հայաստանն ինքը գնում է Ռուսաստանի դեմ: Այդպիսով, ակնհայտորեն ձեւավորվում է Ռուսաստանի քայլերի այսպես ասած արդարացման մթնոլորտ: Ավելին, բանը նույնիսկ հասնում է այնտեղ, որ անգամ ավանսով արդարացվում է հնարավոր պատերազմի դեպքում Ռուսաստանի աջակցությունն Ադրբեջանին:
Որ Հայաստանի իշխանության եվրաինտեգրացիայի կուրսը Ռուսաստանի համար անդուր է, կասկած չկա: Սակայն Հայաստանի հանդեպ Կրեմլի վերջին շրջանի վերաբերմունքը Ասոցացման համաձայնագրով պայմանավորելը նշանակում է նեղացնել խնդրի էությունը: Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ առկա խնդիրը շատ ավելի լայն է:
Ռուսաստանն անցած 10-15 տարիների ընթացքում Հայաստանից վերցրել է գրեթե ամեն ինչ: Հիմա եկել է տալու ժամանակը, բայց ոչ թե հետ տալու, այլ վերցրածն այլոց տալու: Բառի ոչ ուղիղ իմաստով իհարկե, այլ ազդեցության: Այսինքն, եկել է ժամանակը, երբ Ռուսաստանը Հայաստանի շահի հաշվին պետք է սպասարկի իր շահերը: Ընդ որում, այստեղ Ռուսաստանի մասով Հայաստանի հանդեպ հատուկ դիտավորություն չկա: Դա ռուսական քաղաքականության ոճն է: Եթե ասենք Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան կամ թեկուզ Բելառուսը այդպես հանձնվեին Ռուսաստանին, ինչպես Հայաստանը, նա նույնը կաներ նաեւ նրանց հետ:
Ռուսական քաղաքականության այդ ոճը փոխել Հայաստանն անզոր է: Հայաստանը կարող է փոխել ինքզինքը: Ավելին, ինքզինքը փոխելով, Հայաստանը գուցե ունենա առնվազն իր մասով ռուսական քաղաքականության ոճը, մտածողությունն ու հոգեբանությունը փոխելու հնարավորություն:
Ռուսական քաղաքականության այդ ոճն ու մտածողությունը՝ Ասոցացմամբ, թե առանց դրա, հանգեցնելու էր Հայաստանի հանդեպ վերաբերմունքի ավելի ու ավելի արհամարհականացման, արխայինության, Հայաստանի շահի հաշվին տարածաշրջանային սեփական խնդիրների սպասարկման: Ռուսաստանի տարածաշրջանային խնդիրները Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի հետ կապ չունեն: Դրանք եղել են, առաջացել են Ասոցացման համաձայնագրի հեռանկարից տարիներ առաջ, երբ այդ մասին դեռ խոսք չկար:
Հետեւաբար, այն, ինչ այժմ անում է Ռուսաստանը, պայմանավորված է շատ ավելի խորքային գործընթացներով, քան Հայաստանի եվրաուղին: Իրավիճակը նեղացնել մինչեւ այդ, նշանակում է թույլ չտալ, որ հայ-ռուսական հարաբերության խնդիրը ենթարկվի համակողմանի, խորքային դիտարկման, եւ գտնվեն իրապես երկուստեք շահավետ լուծումներ: Նեղացված շրջանակում փնտրվող առավելագույն լուծումները կարող են բավարար լինել ավելի նեղ խնդիրներ լուծելու, տարբեր մակարդակի մանիպուլյացիաների համար:
Թե ինչու է Հայաստանի իշխանությունը գնում Ասոցացման, այլ հարց է: Ավելի շուտ կարելի է ասել, որ Հայաստանի այսպես ասած եվրաուղին է Ռուսաստանի քաղաքականությանը պատասխան: Այստեղ պատճառները շատ են: Գլխավորը ինքնապաշտպանության պարզ բնազդն է: Հայաստանի մասով Ռուսաստանի վտանգավոր արխայինությունը Հայաստանում շատ վտանգավոր է դարձնում իշխանության դիրքը: Ինչպես հայտնի է, Ռուսաստանին «մտքով չես հասկանա», հետեւաբար դժվար է կանխատեսել, թե ավելի ու ավելի լարվող աշխարհաքաղաքական գործընթացներում Ռուսաստանը որտեղ ինչ կհանձնի: Հետեւաբար, ավելի ու ավելի վտանգավոր է դառնում Ռուսաստանի անվերապահ թելադրանքի տակ լինելը: Առավել եւս, որ վերջին 15-20 տարում կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է Ռուսաստանը հանձնել իր դիրքերն ու «գործընկերներին», ընդ որում շատ դեպքերում Հայաստանի իշխանությունից ավելի լուրջ գործընկերների՝ տարբեր, ոչ պակաս կարեւոր տարածաշրջաններում:
Այստեղ, իշխանության ու Հայաստանի շահը զգալիորեն համընկնում է: Բայց դրա ՕԳԳ-ն մեծ կասկածի տակ է, որովհետեւ Հայաստանի շահը տվյալ դեպքում կամբողջանա միայն ներքին կյանքում այդ մերձեցման շնորհիվ շոշափելի փոփոխությունների դեպքում: Հակառակ պարագայում, իշխանությունն ապահովագրվում է, իսկ Հայաստանը՝ ոչ: Թեեւ, խոշոր հաշվով, իշխանության ապահովագրությունն էլ այդ դեպքում դառնում է խիստ կասկածելի, եւ պաշտոնական Երեւանը վթարի դեպքում կարող է շատ երկար սպասել «ապահովագրական գործակալին» եւ այդպես էլ չտեսնել նրան:
Հակոբ Բադալյան