Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի Գլխավոր շտաբի Անօդաչու թռչող սարքերի կիրառման համակարգի զարգացման վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը հայտարարել է, որ Հայաստանն ու Սերբիան պատրաստակամություն են հայտնել իրենց զորամիավորումներով մասնակցել Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային, որի նպատակն է լինելու Սիրիայում ականազերծման աշխատանքներ տանելը: Նույնիսկ ականազերծման աշխատանքներին մասնակցելը ենթադրում է Հայաստանի ներգրավում սիրիական հակամարտության գործընթացում:
Առաջին անգամ չէ, որ Երևանը Սիրիայի ճգնաժամում ներգրավվելու ցանկություն է հայտնում: Անցած տարվա սեպտեմբերին Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Երևանը քննարկում է Սիրիայում հումանիտար աղետի խորացման կանխարգելման գործընթացում Հայաստանի և Սիրիայի հայկական համայնքի ներգրավման հնարավորությունը: Այն ժամանակ, սակայն, հասկանալի չդարձավ, թե ներգրավումն ինչ ձևաչափով է պլանավորվում: Խոսքը, փաստորեն, գնում էր միայն սիրիացիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու մասին, որի շրջանակում՝ անցած տարվա հոկտեմբերից մինչև հիմա ՌԴ ՌՕՈՒ-ի միջոցով Երևանից 2 ինքնաթիռ օգնություն է հասցվել Սիրիա: Հիմա ակնհայտ է դառնում, որ այդ ներգրավումն ունենալու է նաև ռազմական բաղադրիչ, որի տարրերից մեկը լինելու է հումանիտար ականազերծումը: Իսկ «մի քանի այլ ուղղությունների» մասին նրա անորոշ ձևակերպումը թույլ է տալիս ենթադրել, որ դա կարող է նաև այլ դրսևորումներ ունենալ, ենթադրաբար՝ խաղաղապահական առաքելություն, որը, սակայն, ավելի շատ Սիրիայի հետպատերազմական վերականգնման համատեքստում կարելի է դիտարկել: Սակայն ակնհայտ է, որ ներգրավումը Սիրիական ճգնաժամում՝ ոչ մի կոնտեքստում օգուտ բերել չի կարող: Մոսկվան պարզապես հերթական անգամ փաստի առաջ է կանգնեցրել պաշտոնական Երևանին, փաստի և ահաբեկչության պոտենցիալ թիրախ դառնալու ռիսկի առջև:
Ստելլա Խաչատրյան