Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է ուղարկել Լիբանանի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Նաբիհ Բերիին Բեյրութի արվարձանում կատարված ահաբեկչական գործողության հետևանքով 40-ից ավելի մարդկանց զոհվելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

 

 

Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ այդ հանցագործության կատարողներն ու պատվիրատուներն արժանի պատիժ կստանան՝ ընդգծելով, որ Ռուսաստանը պատրաստ է Լիբանանի իշխանությունների հետ սերտորեն փոխգործակցել ահաբեկչության, մասնավորապես, ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման դեմ մղվող պայքարում:

 

 

Նոյեմբերի 12-ին երկու մահապարտներ մոտոցիկլետներով, որոնք օգտագործվում են էքսպրես-փոստ և պարեն տեղափոխելու համար, ահաբեկչական գործողություններ են իրականացրել Բեյրութի հարավային ծայրամասում՝ Բուրջ էլ Բարաջանում: Նրանք հարձակման վայր են ընտրել Այն Էս Սիքքա բանուկ հրապարակը, որտեղ գտնվում է շիաների մզկիթը և «Ալ Մանսուր» առևտրական կենտրոնը:

 

 

Փորձագետներն ահաբեկչական գործողության համար պատասխանատվությունը դնում են «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան նուսրա» ծայրահեղական խմբավորումների վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: