ՀՀ ոստիկանությունը մերժել է Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի դիմումը Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի ժամանակ Գորիսի ոստիկանության աշխատակիցների գործողությունները քննության առնելու վերաբերյալ: Մասնավորապես Բուդաղյանի փաստաբանը նշում է, որ Գորիսի ոստիկանության աշխատակիցները դեպքի վայր էին ժամանալ ժամը 23:35-ին, այն դեպքում, երբ կրակոցները դադարել էին 23:08 և մոտավոր հաշվարկներով ներկայացնում, որ Գորիսի մի ծայրից մյուսը հասնելու համար պահանջվում է ընդամենը 5-10 րոպե: Բացի այդ, Ալումյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ իր խոսքում նշել է. «Ո՞վ է տեսել, որ տան անդամը ոստիկանության աշխատակցի հետ միասին զենք փնտրի»: Փաստաբանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասում է, որ ստացել է ոստիկանությունից պատասխան, որում նշված է, որ դեպքի օրը Գորիսի ոստիկանության աշխատակիցների կատարած գործողություններում ապօրինություններ չեն հայտաբերվել: Ալումյանը այնուամենայնիվ նշում է, որ ինքը համամիտ չէ սրա հետ և հավատացնում, որ իր ձեռքի տակ փաստեր կան, և երբ ժամանակը գա, ինքը դրանք կներկայացնի՝ ապացուցելու համար, որ ճիշտ է:
Փաստաբանը դիմել էր նաև գլխավոր դատախազին՝ պարզելու համար, թե արդյոք մամուլում Սուրեն Խաչատրյանի ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները քննության առնվել են, սակայն դատախազությունը չի պատասխանել նրա հարցմանը:
Ի դեպ, ԳԱԼԱ-ն նույն հարցի առնչությամբ դեռևս 10 օր առաջ հարցում է ուղարկել զինդատախազ Գևորգ Կոստանյանին, սակայն հարցումը մնացել է անպատասխան այն դեպքում, երբ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն' քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում՝ բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ), իսկ տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում հարցումը ստացած մարմինը պատրավոր է գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) եւ հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող է ուղղել հարցումը:
ԳԱԼԱ-ն փորձեց ՀՀ ՊՆ աշխատակցին էլ ուղղել նույն հարցը, բայց վերջինս դրանում նախաքննական գաղտնիք տեսավ և հրաժարվեց պատասխանել:
Ալումյանից փորձեցինք պարզել, թե արդյոք պարզ են Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի տեսագրության փորձաքննության արդյունքները, սակայն փաստաբանը պատասխանեց, որ առայժմ ոչ:
Արաքս Մամուլյան