Որպես գյուղատնտեսության նախարարության և «Էրեբունի ալկո» ընկերության աշխատակից ներկայացած Արշակ Աբրահամյանը բազմաթիվ դրվագներով խարդախության համար դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը' դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, հուլիսի 19-ի դատավճռով ամբաստանյալ Արշակ Աբրահամյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով խարդախություն, նախատեսված հինգ, ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, նախատեսված երկու հանցագործությունների կատարման մեջ:
Դատավճռով բավարարվել են տուժողների քաղաքացիական հայցերը՝ամբաստանյալից հօգուտ Ռոզա Գևորգյանի կբռնագանձվի 1.405.000 ՀՀ դրամ, հօգուտ Սոնյա Աղաջանյանի՝ 8500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 800.000 ՀՀ դրամ:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ նա նախկինում դատապարտված չի եղել, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար, մասնակցել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններին, ամբաստանյալը խնամքի տակ ունի մինչև տասնչորս տարեկան մեկ երեխա:
Ըստ մեղադրանքի, Արշակ Աբրահամյանը' 2010թ. սեպտեմբերի վերջերին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ Միքայել Վանեսյանին ներկայանացել է որպես գյուղատնտեսության նախարարության աշխատակից, Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Բելառուսիայի հանրապետությունից ՀՀ ներկրված 62 միավոր շուրջ 40.000 ԱՄՆ դոլար շուկայական արժեք ունեցող, «Բելառուս» մակնիշի 1 տրակտորն իր 2 գյուղգործիքների հետ միասին 16.000 ԱՄՆ դոլարով մրցութային եղանակով վերջինիս իրացնելու պատրվակով նախապես 2000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ վճարելու, իսկ մնացած գումարը 7 տարվա ընթացքում մարելու և աճուրդային կարգով տեխնիկա ձեռք բերելուն աջակցելու պատրվակով 2010թ. հոկտեմբերի սկզբներին խաբեությամբ Մ.Վանեսյանից վերցրել է 730.000 ՀՀ դրամ:
Նույն կերպ ներկայանալով, նույն պատրվակով և պայմաններով Արշակ Աբրահամյանը 2010թ. սեպտեմբերի վերջերին Իջևան քաղաքի բնակիչ Գարեգին Ահարոնյանից կանխիկ ստացել և խաբեությամբ հափշտակել է 730.000 ՀՀ դրամ գումար, վստահությունը ամրապնդելու նպատակով շուրջ 1 շաբաթ անց, Գարեգին Ահարոնյանի եղբոր Գարուշ Ահարոնյանից դիմում է ընդունել՝խոստանալով մի քանի օրից տրամադրել տեխնիկան: 2011թ. ապրիլի վերջերին Գ.Ահարոնյանը հասկացել է, որ Աբրահամյանի հանցավոր մտադրություն է ունեցել, հետ է պահանջել վճարած գումարը, սակայն Ա.Աբրահամյանը դիմել է փախուստի:
Ամբաստանյալը նույն կերպ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակչուհի Ռոզա Գևորգյանից 2010թ. նոյեմբերի 4-ին ստացել և հափշտակել է 855.000 ՀՀ դրամ, որից 730.000 դրամն իբր գյուղտեխնիկայի կանխավճար, իսկ 125.000 դրամը աճուրդի նախավճար ու խոստացել մինչ 2010թ. վերջը հատկացնել նշված տեխնիկան: Վստահությունն ամրապնդելու նպատակով նա Ռ.Գևորգյանի ամուսնու՝ Աշոտ Գևորգյանի հետ գնացել է Էջմիածին և նրանից դիմում ընդունել, որն ուղարկել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: Այնուհետև տարբեր պատճառաբանություններ բերելով՝ հայտնել է, որ գործընթացը ձգձգվում է, 2011թ. ապրիլի վերջերին նորից վստահեցրել է, որ գործընթացը տեղից շարժվել է և տրակտորի հետ նոր սարքավորումներ է տրամադրելու, նրանից պահանջել և ստացել է ևս 550.000 ՀՀ դրամ, որից 400.000 դրամը որպես գյուղգործիքների, իսկ 150.000 դրամն այլ ծախսերի համար նախատեսված գումար և կրկին խաբեությամբ հափշտակել նշված գումարը՝ Ռ.Գևորգյանին պատճառելով առանձնապես խոշոր չափի 1.405.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակչուհի Սոնյա Աղաջանյանից նույն պատրվակով ամբաստանյալը պահանջել և 2010թ. նոյեմբերի 14-ին վերջինիցս ստացել ու հափշտակել է 8000 ԱՄՆ դոլարին համարժեք 2.912.000 ՀՀ դրամ՝ խոստանալով մինչ 2010թ. վերջը հատկացնել նշված տեխնիկան: Նշած ժամկետը լրանալուց հետո հայտնել է, որ գյուղտեխնիկայի գործընթացը ձգձգվում է, սակայն ընթացքի մեջ է: Ապա 2011թ. Ա.Աբրահամյանը Ս.Աղաջանյանից պարտքով 500 ԱՄՆ դոլար է խնդրել՝ վերջինս մտավախություն ունենալով, որ գումարը չտալու դեպքում Ա.Աբրահամյանը վատ կտրամադրվի իր հանդեպ և չի հատկացնի գյուղտեխնիկան, նույն օրը վերջինիս ուղարկած տաքսի ավտոմեքենայի վարորդի միջոցով նրան է փոխանցել պահանջված 500 ԱՄՆ դոլարին համարժեք 182.355 ՀՀ դրամ: Այնուհետև 2011թ. ապրիլի վերջերին Ա.Աբրահամյանը նորից հանդիպելով Ս.Աղաջանյանին և կրկին վստահեցնելով, որ գործընթացը տեղից շարժվել է և սարքավորումների հատկացման համար անհրաժեշտ է կատարել կանխավճար, նրանից պահանջել և նույն օրը Այգեհովիտ գյուղում ստացել է ևս 800.000 ՀՀ դրամ ու խաբեությամբ հափշտակել նշված գումարը Ս.Աղաջանյանին պատճառելով առանձնապես խոշոր չափի 3.894.355 ՀՀ դրամ գույքային վնաս:
2010թ. հոկտեմբեր ամսվա կեսերին Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակիչ Էդգար Հովհաննիսյանից կանխիկ ստացել և խաբեությամբ հափշտակել է 1.500.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, չկատարելով իր խոստումը՝ դիմել փախուստի:
Եվս երկու դրվագով Ա.Աբրահամյանը ներկայացել է որպես «Էրեբունի ալկո» ընկերության ներկայացուցիչ և հափշտակություն կատարել բնամթերքով: Մեծ քանակությամբ ցորեն գնելու և վերը նշված ընկերությանը իրացնելու պատրվակով նա խաբեությամբ 2009թ. օգոստոսի 19-ին Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի բնակիչ Ռոբերտ Անդրեասյանից հափշտակել է խոշոր չափերի հասնող 2.070.000 ՀՀ դրամ արժողությամբ 17տ. 250կգ ցորեն, իսկ 2009թ. սեպտեմբեր ամսին Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի բնակիչ Վարդազար Հովհաննիսյանից՝ նույն պատրվակով՝ հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող 3.936.860 ՀՀ դրամ արժողությամբ 29տ ցորեն:
Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Արշակ Աբրահամյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Գործով մեղադրողը և տուժողներ Ս.Աղաջանյանը, Ռ.Գևորգյանը չեն առարկել արագացված կարգ կիրառելու մասին միջնորդության դեմ, և դատարանը բավարարել է միջնորդությունը: