Lragir.am. Վաղը կառավարության նիստի օրակարգում «Գաղտնի» վերտառությամբ հարց է ներառված, որի քննարկման ընթացքում կառավարության անդամներն առանց կողմնակի վկաների լսելու են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Ըստ ամենայնի, թեման տրանսպորտի թանկացման մասին որոշումն է լինելու: Ի՞նչ է ասելու Տարոնը՝ որ իրեն ճնշո՞ւմ են, որ ինքը կապ չունի՞, որ անզո՞ր է գծատերերի առջեւ, որ սա իր դեմ սարքվա՞ծ է, ինչպես այստեղ-այնտեղ ասում են նրա «փիարշիկները»:
Երևանի քաղաքապետը կառավարության նիստերին մասնակցում է, բայց գործադրի հաստատմանը ենթակա հարցեր հազվադեպ է ներկայացնում: Այս անգամ հարկ է ներկայացնել, քանի որ որոշման հրապարակումը ոչ միայն չհանեց հարցերը, այլեւ ավելի շատ հարցեր հարուցեց:
Մասնավորապես, կասկած է առաջանում, որ որոշումը «կայացվել» է հետին ամսաթվով: Բացի այդ, քաղաքապետարանի ներկայացրած թանկացման հիմնավորումը պարզվեց կեղծ է: Քաղաքապետարանը կեղծ հավաստիացումներ է տվել առ այն, թե տրանսպորտի ոլորտու գնի բարձրացումը նպաստելու է սպասարկման որակի բարձրացմանը: Այնինչ, վարորդներն ասում են, որ ընդամենը «պլանն են բարձրացրել»: Հնարավոր է, որ գործ ունենք հանցագործության հետ:
Եւս մեկ կարեւոր հանգամանք. քաղաքապետարանը հայտարարել է, որ ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեվարձը թանկացել է, որովհետև այդ հարցով քաղաքապետարան են դիմել 48 երթուղի սպասարկող ընկերություններ: Ստացվում է, որ Երեւանում 137 երթուղիներից միայն 48-ի գրությունների հիման վրա քաղաքապետարանը որոշել է թանկացնել Երևանի ամբողջ տրանսպորտը: Իսկ եթե նկատի առնենք, որ այս երթուղիների մեծամասնությունը պատկանում է պաշտոնյաների, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանի, ապա կրկին փաստացի գործ ունենք հանցագործության մոտ իրողության հետ:
Շատ չէ՞ արդյոք մի դեպքի համար: Չասած արդեն նախկինում Երեւանում «կոսմետիկայի» վրա ծախսված ահռելի գումարները: Հայաստանում, իհարկե, շատ չէ. պետք է երեւի մարդ սպանել, որպեսզի ինչ որ պատիժ լինի:
Ըստ այդմ, կառավարությունը պարտավոր է խնայել Տարոն Մարգարյանին եւ չհասցնել մինչեւ այդ պահը: Տարոնն ինքը պետք է մտածի այդ մասին, եթե իհարկե ընկալում է իրավիճակի լրջությունը: Նա իր համար ծաղիկ էր տնկում ու աղբ հավաքում Ավանում, կարիք չկա նրան ուժից վեր պատասխանատվության տակ դնել: Կառավարությունը պարտավոր է ազատել նրան այդ պատասխանատվությունից, «Գաղտնի» վերտառությամբ քննարկման ժամանակ:
Բացի այդ, կառավարությունը պետք է ուսումնասիրի տրանսպորտի ոլորտը եւ պատասխանատվության ենթարկի պաշտոնյա գծատերերին, որոնց պատասխանատվությունը պակաս չէ: Եւ, ինչպես արդարացիորեն պնդում են ակտիվիստները, քաղաքային տրանսպորտը ապասեփականացնել: