Քաղաքապետարանի դիմացի խոտածածկ տարածքը խնամող աշխատակիցը հիմա ավելի հաճախ է երեւում տարածքում: Ասում է, մնացած օրերի համեմատ վերջին մի քանի օրերին խոտը ավելի արագ է աճում եւ պատճառաբանում է. «Արագ ա աճում, դե շատ են է ջրում»:
Իսկ քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց անող Գոռին, Սուրենին և Վահագնին այցելության եկողներից մեկը կատակ է արել եւ փրկօղակներ է դրել խոտերի վրա, որպեսզի անհրաժեշտության դեպքում վերջիններս պաշտպանվեն ջրից: Փորձեցին հետաքրքրվել, թե արդյոք քաղաքապետարանից չեն փորձել վերցնել փրկօղակները, սակայն Գոռը կատակեց և ասաց, թե ինչպես կարող են իրենց հետ այդպես վարվել, երբ դա իրենց ապահովությունն է:
Գոռը հիշում է, որ օրեր առաջ քաղաքապետարանի աշխատակիցը իր հետ զրուցել և ասել է, որ իրենց արարքներում չկա դիտավորություն և պատճառը, որ երբեմն ջուրը քաղաքապետարանի մոտ չափից շատ է լինում, այն է, որ քաղաքապետարանը «վինտիլ» չունի: Գոռը մի քանի դիտարկում է անում այս կապակցությամբ: Նախ նա նշում է, որ ցանկացած պետական պաշտոնյա որևէ մեկի մոտենալիս ներկայանում է, սակայն այս դեպքում իրեն մոտեցած մարդը ներկայացել է ընդամենը անունով: Գոռը գտնում է, որ երբ հստակ զգացվում է, որ մարդը չի տիրապետում իր գործին կամ առհասարակ անտեղյակ է այն գործից, որի մասին խոսում է, արդեն իսկ չի կարող լուրջ տպավորություն թողնել: Այդպիսով նա պատկերացում է տալիս իր այն կառույցի մասին, որը ներկայացնում է՝ լինի դա քաղաքապետարան կամ մեկ այլ հիմնարկություն: Բացի այդ, մի քիչ աբսուրդի է հասնում այդ բացատրությունը, քանի որ ցանկացած բազմաբնակարան շենքի բոլոր հարկերում կան այդ «վինտիլ» կոչվածները, որպեսզի կանխվեն վթարները: «Ուստի չեմ կարծում, որ քաղաքապետարանը այնքան անլուրջ և փոքր հիմնարկ է, որ չունի «վինտիլ», ինձ մոտ մի քիչ համընկնում եղավ, օրինակ ինչպես է ստացվել, որ քաղաքապետարանը գտնվում է Արգիշտի փողոցի վրա, բայց չունի «վինտիլ», իսկ մեր ներքևի հարևան Արգիշտին» ունի»,- կատակում է Գոռը, որի խոսքին հավելելով՝ Վահագնը առաջարկում է հանրային դրամահավաք կազմակերպել և գնել այդ «վինտիլ» կոչեցյալը և կարծիք հայտնում, որ ցանկացած երևանցի կցանկանա իր ներդրումը ունենալ դրա ձեռքբերման մեջ, քանի որ դա սպասարկելու է ոչ միայն նստացույցի դուրս եկածներին, այլ նաև մյուսներին:
ԳԱԼԱ-ի լրագրողը նկատեց, որ խոտի վրա դրված Համբարձումյանի և Նավասարդյանի նկարները ամբողջությամբ թրջված են: Վահագնը կարծիք հայտնեց, որ դա որոշակի ազդակ է այն մասին, որ աշխատակիցները ավելի շատ հանրության կողմն են, քան ղեկավարության և դիտմամբ են այդքան շատ ջուր լցնում նրանց նկարների վրա: «Չորս-հինգ օր շարունակ նրանք ջրում են և՛ Հենրիկ Նավասարդյանին, և՛ Միսակ Համբարձումյանին, իսկ թե ինչ հաճույք են ստանում դրանից, չգիտեմ, միգուցե նրանք ավելի շատ ջրում են՝ իրենց տեսակետը արտահայտելու համար, և այդ ջրի շիթերը ուղղված են ավելի շատ ոչ թե մեզ, այլ Համբարձումյանին ու Նավասարդյանին»,- կատակում է Վահագնը:
Չնայած տղաների պայքարն ու պահանջը լուրջ է, սակայն հիշելու հաճելի պահեր այս դժվար օրերից կմնան: Վահագնը նշում է, որ երկար տարիներ ինքը Երևանում այսքան շատ ժպտացող դեմքեր, այսքան դրական էներգիա, ստեղծագործականություն մեկ վայրում չէր տեսել:
Արաքս Մամուլյան