Ներկայումս ԱԻ նախարարության համակարգում աշխատում է 15 հաշմանդամություն ունեցող անձ, ևս 10-ը գտնվում են փորձաշրջանի մեջ։ Սայլակավոր հաշմանդամների համար ԱԻՆ «Արտակարգ քաղաքում» ստեղծված են գրեթե բոլոր անհրաժեշտ պայմանները' ազատ տեղաշարժվելու և աշխատելու համար։ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն հայտով դիմած բոլոր սայլակավոր հաշմանդամներն աշխատանքի են անցել ԱԻ նախարարությունում։
Այսօր ԱԻ նախարարությունում հրավիրվել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ԱՌՆԱՊ հիմնադրամի, Երևանի քաղաքապետարանի, հաշմանդամների հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների («Փյունիկ», «Փարոս», «Աշխարհն առանց արգելքների») ՄԱԶԾ, ՅՈՒՆԻՍԵՖ, «Փրկենք երեխաներին», World Vision միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Խորհրդակցությունը վարում էր ԱԻ նախարար Ա. Երիցյանը։ Ողջունելով ներկաներին' նա մասնավորապես ասաց.
- Մեզ մոտ աշխատող հաշմանդամները մեր նախարարության լիարժեք անդամներ են' ներառված բոլոր միջոցառումներում, և ունեն մասնագիտական առաջընթացի հնարավորություն։ Մենք նախատեսում ենք նրանց համար աշխատատեղեր ստեղծել նաև ՀՀ մարզերում ստեղծվող ճգնաժամային կառավարման կենտրոններում, որն իրագործելու համար մեզ անհրաժեշտ է առաջնահերթ լուծել նրանց աշխատանքի վայր հասցնող տրանսպորտի խնդիրը, որի համար ակնկալում ենք նաև ձեր աջակցությունը։ Մինչ օրս մենք շատ լավ համագործակցություն ունենք թե սոցապ նախարարության, թե քաղաքապետարանի, թե հասարակական ու միջազգային կառույցների հետ։ Ներկայումս մեր աշխատակից հաշմանդամներին սպասարկող 2 միկրոավտոբուսներն արդեն բավարար չեն բոլորին ժամանակին աշխատանքի վայր տեղափոխելու համար։ Միասին մենք ավելին կարող ենք անել ու քայլել առաջ։ Տրանսպորտի խնդիրը լուծելու դեպքում' մենք կարող ենք ավելացնել աշխատատեղերի թիվը։
Անդրադառնալով ԱԻ նախարարի նշած խնդիրներին' ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը նշեց, որ ԱԻՆ նախաձեռնությունն օրինակելի պիտի լինի մյուս կառույցների համար.
- Ամենից առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Ես զրուցել եմ այստեղ աշխատող հաշմանդամների հետ ու համոզվել, որ նրանք իրենց համարում են այս մեծ ընտանիքի անդամ։ Ինչպես գիտեք պետբյուջեից հատկացումներ են արվել քաղաքային տրանսպորտը սահմանափակ հնարավորություններով մարդկանց հարմարեցնելու համար, մենք էլ անպայման կփորձենք աջակցել ձեզ այդ հարցում։
Միջազգային կառույցների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին ֆինանսական միջոցներ տրամադրել հատուկ միկրոավտոբուսներ ձեռք բերելու կամ սովորական միկրոավտոբուսը վերակառուցելու համար։
Հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ղեկավարներն իրենց երախտագիտությունը հայտնելով ԱԻ նախարարությանը' առաջակեցին օգնություն' խորհրդատվություն տրամադրելու հարցում։ Միաժամանակ' նրանք նշեցին, որ ԱԻՆ տարածքն այն հազվագյուտ վայրերից է, որտեղ իրենք տեղաշարժվելու հետ կապված որևէ խնդիր չեն ունենում։
Խորհրդակցության ավարտին որոշվեց առաջիկայում կազմակերպել արտագնա աշխատանքային քննարկում Լոռու մարզում։