Բրիտանական իշխանությունները գաղտնազերծել են 3-րդ համաշխարհային պատերազմի դեպքում նախապատրաստված Էլիզաբեթ 2-րդ թագուհու ուղերձի սևագիրը. գրում է BBC-ն: «1983թ.» թվագրված փաստաթուղթը պահվում էր Ազգային արխիվում և նախատեսված էր ընթերցել Մեծ Բրիտանիայում զորավարժություններ անցկացնելու ժամանակ:
Փաստաթղթի տեքստը գրված էր ռադիոյով թագուհու կողմից հղվող ուղերձի տեսքով, որը իբր թե կարդացվել էր 1983թ. մարտի 4-ին՝ միջուկային պատերազի նախօրեին: Թագուհին անձամբ, ամենայն հավանականությամբ, տեքստին ծանոթ չի եղել:
Ուղերձում կոչ է արվում քաղաքացիներին պատրաստվել պատերազմի: Թագուհին հայրենասիրության կոչ է անում, խնդրում պահպանել ընտանեկան արժեքները, ինչպես նաև կիսվում է 2-րդ համաշխարհային պատերազմի իր հիշողություններով:
«Դժվարությունները, որոնց դուք կբախվեք այսօր, շատ անգամ գերազանցում են նրանց, որոնք մենք հաղթահարել ենք մեր երկարամյա պատմության ընթացքում, սակայն ինչպիսի սարսափներ էլ որ ձեզ հանդիպեն, մեր օգնական ուժը կլինեն այն հատկությունները, որոնք մենք ձեռք ենք բերել այս դարում մեր ազատության համար մղած պայքարում»:
Համաձայան այդ զորավարժությունների՝ ԽՍՀՄ-ն ու Վարշավայի բլոկի իր դաշնակիցները քիմիական հարձակում են գործել Մեծ Բրիտանիայի վրա: ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրենց հերթին միջուկային զենք են օգտագործում ԽՍՀՄ-ի դեմ, որով հարկադրում են նրանց խաղաղություն խնդրել: