Գյումրու Շիրակացի փողոցում' քաղաքապետարանի նախկին շենքի հարևանությամբ գյումրեցի Էդիկ Գրիգորյանը երկրորդ տարին է' մուրացկանությամբ է զբաղվում: Առավոտյան ժամը 9-ից մինչեւ կեսօր նշված տարածքում սոցիալական դժվարին վիճակում գտնվող 68-ամյա գյումրեցին գումար եւ ուտելիք է հավաքում: Կեսօրից հետո, ինչպես տարածքի բնակիչներն են պատմում, քաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրված աղբարկղերի մոտ կարելի է հանդիպել նրան, հագուստ, ուտելիք, վառելիք է փնտրում ու հավաքում, իսկ երեկոյան կա´մ դրսում է գիշերում, կա´մ վերադառնում կենտրոնական այգու հարեւանությամբ գտնվող վթարային շենքի կիսախարխուլ բնակարան, որտեղ գրանցում անգամ չունի:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Էդիկ Գրիգորյանը պատմել է, թե ինչն է իրեն դրդել գնալու այդ քայլին. «Ես նախկինում կարգին մարդ էի, հարգված, սիրված, շատ աշխատող, այ դա կուզեմ, որ շեշտեք, երկար տարիներ բանվոր եմ աշխատել, մեծ պաշտոնի չեմ եղել, բայց իմ քրտինքովս վաստակած գումարով ապրել եմ, հմի սրա-նրա ձեռքը կնայեմ, բայց գիտեք' ես չեմ ուզե փող, սինին դրել եմ, երեսներին կնայեմ, մարդ կա փող կուդա, մարդ կա արհամարհանքով կնայե, ըսպես զզվանքով կանցնի, հա, բան չունիմ ասելու' տեսքս նորմալ չէ, բայց ես ամեն երկու օրը մեկ կերթամ կցայվիմ ու չեմ խմե, ես բոմժ չեմ, ուղղակի ձմեռը ընկա 2 տարի առաջ, ոտքս ջարդվավ, էլ աշխատել չեմ կարող»,-մեր լրագրողին հուզված պատմել է 68-ամյա գյումրեցին: Կնոջն ու որդուն տարեց մարդը կորցրել է 88-ի ավերիչ երկրաշարժից հետո, ունի 3 դուստր, որոնցից 2-ը լքել են հորը, իսկ երրորդը առողջական խնդիրներ ունի եւ ապրում է հոր՝ մուրացկանությամբ վաստակած գումարով:
Իրեն տարբեր թաղամասերի բնակիչներ սնունդով օգնում են, պատմում է, որ օրական միջինը 500-700 դրամ է կարողանում հավաքել. «Իմ նմաններն էս քաղաքում շատ են, աղջիկ ջան, չեմ մեղադրում մարդկանց, որի՞ն տան փող, կանցնին 10-20 դրամ կգցեն կերթան, վաղ առավոտից մինչեւ 12-ը հավաքել եմ 120 դրամ փող, 1 հացմ էլ չի գա սրան, ախր սաղ թանկցավ, կսպասեմ մինչեւ 2-ը, 3-ը 1000 դրամը չի էղել, որ անցնի, ինչղ պետք է լինի, որ հարուստ մարդ անցնի, հանե 500 դրամ տա, մնացածը վճարունակ չեն, դրա համար չեմ մեղադրե»,-նշել է Էդիկ Գրիգորյանը: Որոշ ժամանակ առաջ այս տարածքում վրան է տեղադրել ու գիշերել հենց տեղում, սակայն մի օր այն գողացել են: Հայաստանյան քաղաքական գործընթացներից այնքան էլ տեղյակ չէ, ղեկավար անձանցից միայն Սերժ Սարգսյանին է ճանաչում, նրա մեջ տպավորված են Սերժ Սարգսյանի կողմից նախընտրական շրջանում տրված «Ապահով Հայաստան»-ում ապրելու խոստումը.
«Կմտածեմ, կսեմ' այ մարդ, էս է ապահով վիճակը, գիտեք ես իրա վրա էդքան էլ զայրացած չեմ, որովհետեւ էս վիճակին հասել ենք մեր պատճառով, որ լռել ու հանդուրժել ենք, ինքն էլ խաբել ու նախագահ է դառել' մեզ տրորելով, այ էս վիճակին հասցնելով»:
Այդուամենայնիվ երբեւէ չի մտածել երկրից արտագաղթելու մասին, արցունքոտ աչքերը սրբելով' նշում է, որ շատ է սիրում Հայաստանն ու աղքատիկ Գյումրին, ուր ծնվել, մեծացել ու իր կյանքի գուցե եւ վերջին տարիներն է ապրում, բայց ոչ մենակ. «Ես մենակ չեմ, ճիշտ է, չունեմ ընտանիք, բարեկամներ, բայց ունեմ հավատարիմ ընկեր, իմ շունս՝ Սեվուկս, որ շատ հավատարիմ է իրա տիրոջը, այսինքն' ինձ, գուցե չկարողանամ բառերով ասել, թե ինչ ի նկատի ունեմ»,-նշեց նա:
Հերմինե Մկրտչյան