ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է մի շարք ցուցանիշներ, որոնք առանձին-առանձին և համադրության մեջ խոսում են Հայաստանի տնտեսության, մեղմ ասած, անկումային վիճակի մասին։ Նախ, համախառն ներքին արդյունքը, որն այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում աճել էր ավելի քան 7%-ով, երկրորդ եռամսյակում զրոյական աճ է ունեցել (0.6%)։ Այս մասին գրում է 168.am-ը:
Օտարերկրյա ներդրումների առումով խայտառակ պատկերը պահպանվում է՝ դրանք այս տարվա առաջին կիսամյակում նվազել են 34.7%-ով, իսկ այդ թվում՝ ուղղակի ներդրումները նվազել են 3 անգամ՝ 64.2%-ով։ Եվ վերջապես, սպառողական ապրանքների 12-ամսյա գնաճը, պաշտոնական տվյալներով, օգոստոսի դրությամբ կազմել է 9.3%։ Ու եթե նկատի ունենանք, որ միջին աշխատավարձի աճը չի գերազանցում 4%-ը, ապա կարելի է ասել, որ բնակչության գնողունակությունը նվազել է ավելի քան 5%-ով։ Ավելի պարզ ասած, հայ ժողովուրդը աղքատացել է ևս 5 տոկոսով։ Ակնհայտ է, որ տնտեսության իրական վիճակն առնվազն մի քանի անգամ անմխիթար է, այնքան անմխիթար, որ անգամ «թվանակրչության» մեջ մասնագիտացած մեր վիճակագիրները չեն կարողացել ավելի «սիրուն» պատկեր ապահովել: Ի դեպ, այս օրերին շատ է քննարկվում այն հարցը, թե ինչու գոնե վերջին շրջանում որոշակիորեն «քաղաքակրթված» ոստիկանները հանկարծ սկսեցին այդքան ագրեսիվ վարքագիծ դրսևորել տարբեր խնդիրների համար պայքարող ակտիվիստների նկատմամբ:
Հաշվի առնելով պաշտոնական վիճակագրության՝ վերը նշված անկումային ցուցանիշները, բացառված չէ, որ իրականում ոստիկաններն ընդամենը «վարժանքներ» են իրականացնում՝ սոցիալական վիճակի վատթարացման հետևանքով հնարավոր ընդվզումը կանխելու համար:
Մանրամասներն` այստեղ: