2013թ. հուլիսի 4–ին Կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի գործն ուղարկվել էր Վերաքննիչ դատարան։
Օգոստոսի 5-ին՝ ժամը 12:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում (Գարեգին Նժդեհի 23) կմեկնարկի քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը:
Անի Գևորգյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Վաղը կեսօրին Վերաքննիչ դատարանում քաղբանտարկյալների' Տիկոյի, Սաքի, Արտակի, Դավոյի գործով քննությունն է վերսկսվելու: Շատ կուզենայի վաղը դատարանում եւ դատարանի մոտ տեսնել մարդկանց, ում համար ազատություն բառը դատարկ խոսք չի, ում համար ազատությունը արժեք ա: Վաղվա դատին սպասելիս գտա անցած տարի այս օրերին կատարած գրառումս, որն արել էի տղաների գործով առաջին ատյանի դատարանի վճռի ընթերցումից հետո: Հիմա էդ նույն բանն եմ զգում, ինչ զգում էի անցած տարի էս տողերը գրելիս.
«Նախկինում երբեւէ չեմ գրել 2010-ի մայիսի 31-ի դեպքերի մասին, երբ ես, եղբայրս' Սաքոն ու Դավոն ձերբակալվեցինք: Դա ինձ համար մինչ օրս բարդ թեմայա, որից փորձում եմ հեռու մնալ: Բայց երեկվա օրը, երեկվա դատավճիռը ինձ վերադարձրին 2010 թ, մայիսի 31-ը:
ՁԱՊՎ-ի 7-րդ խցում անցավ առաջին գիշերը: Վաղ առավոտյան խցում զննություն կատարեցին , ամեն ինչ տակնուվրա արեցին, քիչ անց ժանգի համով քաղցր թեյ տվեցին: Հոգնածությունից ու անհանգստությունից սիրտս խառնում էր, գլխումս մի միտք էր պտտվում' մենակ թե տղամներին էլ ձերբակալած չլինեն, մենակ թե նրանց գիշերը ազատ արձակած լինեն: Քիչ անց իմացա, որ նրանք հարեւան խցերում են:
«Խնդրում եմ, թողեք տեսնեմ նրան, ես ուզում եմ տեսնել Սաքին»,- դիմում էի «կլյուչնիչկներին»: Մերժում էին, փակում ծանր դռան փոքր պատուհանը ու հեռանում:
Օրվա ընթացքում անընդհատ խնդրում էի, որ ինձ զուգարան տանեն, որտեղ հասնելու համար նրանց ուղեկցությամբ պետք է անցնեի երկար միջացքով: Հույս ունեի, որ կտեսնեմ, կլսեմ Սաքին:
«Սաք»,- մի պահ բղավեցի: «Ինչ կա»,- խցերից մեկից ծիծաղալով արձագանքեց Սաքոն: Ինձ արագ վերադարձրին խուց:
Հաջորդ օրը ինձ իջեցրին առաջին հարկ' փաստաբաններին հանդիպելու: Դռան մոտ իրարանցում էր: Ոստիկաններ անցան: Սաքին տանում էին մամայի ու Արեգի հետ տեսակցության:
«Սաք, ո՞նց ես»,- բղավեցի: Սաքը մտահոգ հայացքով նայեց ինձ, գլխով արեց, անհանգիստ ասաց.«Շատ լավ, դու ո՞նց ես»: Չհասցրի պատասխանել, Սաքին տարան:
Երեկ դատավճռի ընթերցման ժամանակ նայում էի Տիկոյին, Արտակին, Դավոյին, Սաքին: Լսում էին: Դատավճիռն ընթերցվեց: Սաքը նայեց ինձ: Գլխով արեց: Եթե այդ պահին հարցնեի. «Սաք, ո՞նց ես», կպատասխաներ.«Շատ լավ, դու ո՞նց ես»…»:
Հիշեցնենք, որ 2013-ի մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանը վճռեց ՀԱԿ ակտիվիստների գործը ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
Հիշեցնենք նաև, որ 2011-ի օգոստոսի 9-ին բախում էր եղել ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների և ոստիկանների միջև։ Ոստիկանները 7 ակտիվիստի բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին և քրգործ հարուցել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ինչպես նաև խուլիգանության մեղադրանքով։ Ակտիվիստների պնդմամբ' ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել իրենց։
Հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել Տիգրան Առաքելյանին, 3 տարվա՝ Արտակ Կարապետյանին, և երկուական տարվա՝ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին։
ՀԱԿ ակտիվիստների ազատազրկման դատավճիռը բողոքարկվեց Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն դատարանը օրինական ուժի մեջ թողեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճիռը, որով ամբաստանյալները դատապարտվել էին 2-6 տարվա ազատազրկման։
Ակտիվիստների գործով դեկտեմբերի 13-ին դիմում է ներկայացվել Վճռաբեկ դատարան։
Վճռաբեկ դատարանն այս դիմումը վարույթ ընդունելու կամ մերժելու որոշումը պետք է կայացներ մինչև հունվարի 27-ը։ Սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանը, կայացրած որոշմամբ, վերադարձրել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ կայացված դատավճռի դեմ բերված բողոքը: Դատարանը ներկայացված բողոքում թերություններ է հայտնաբերել: Վճռաբեկը 20-օրյա ժամկետ էր հատկացրել բողոքում հայտնաբերված թերությունները շտկելու և այն կրկին դատարան ներկայացնելու համար:
Գործով կրկին դիմում էր ներկայացվել Վճռաբեկ դատարան:
Լուսանկարը' Անի Գևորգյանի