2013թ. հուլիսի 4–ին Կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի գործն ուղարկվել էր Վերաքննիչ դատարան։

Օգոստոսի 5-ին՝ ժամը 12:00-ին, Վերաքննիչ քրեական դատարանում քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով դատավարությանը, ՀԱԿ ակտիվիստների շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը հանդես էր եկել միջնորդությամբ՝ Տիգրան Առաքելյանի նկատմամբ կիրառված վճիռը՝ խափանման միջոցը՝ կալանքը, վերացնել և նրան ազատ արձակել, սակայն նիստը նախագահող դատավորը մերժել էր միջնորդությունը:

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ վերսկսվել է Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների` քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի, և Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ 2013-ի մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանը վճռեց ՀԱԿ ակտիվիստների գործը ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության:

Հիշեցնենք նաև, որ 2011-ի օգոստոսի 9-ին բախում էր եղել ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների և ոստիկանների միջև։ Ոստիկանները 7 ակտիվիստի բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին և քրգործ հարուցել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ինչպես նաև խուլիգանության մեղադրանքով։ Ակտիվիստների պնդմամբ' ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել իրենց։

Հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել Տիգրան Առաքելյանին, 3 տարվա՝ Արտակ Կարապետյանին, և երկուական տարվա՝ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին։

ՀԱԿ ակտիվիստների ազատազրկման դատավճիռը բողոքարկվեց Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն դատարանը օրինական ուժի մեջ թողեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճիռը, որով ամբաստանյալները դատապարտվել էին 2-6 տարվա ազատազրկման։

Ակտիվիստների գործով դեկտեմբերի 13-ին դիմում է ներկայացվել Վճռաբեկ դատարան։

Վճռաբեկ դատարանն այս դիմումը վարույթ ընդունելու կամ մերժելու որոշումը պետք է կայացներ մինչև հունվարի 27-ը։ Սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանը, կայացրած որոշմամբ, վերադարձրել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ կայացված դատավճռի դեմ բերված բողոքը: Դատարանը ներկայացված բողոքում թերություններ է հայտնաբերել: Վճռաբեկը 20-օրյա ժամկետ էր հատկացրել բողոքում հայտնաբերված թերությունները շտկելու և այն կրկին դատարան ներկայացնելու համար:

Գործով կրկին դիմում էր ներկայացվել Վճռաբեկ դատարան: