Օգոստոսի սկզբին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դեպի Գազայի հատված պլանավորված այցը չեղյալ է հայտարարվել. գրում է The Times of Israel-ը՝ հղում կատարելով եգիպտական ԶԼՄ-ներին: Պարբերականի տեղեկություններով՝ Եգիպտոսի իշխանությունները հրաժարվել են ընդունել Էրդողանին իրենց տարածքում: Իսկ Գազայի հատված թուրք վարչապետը կարող էր մտնել միայն Եգիպտոսի կողմից։ Դեռևս Գազայի հատված կատարվելիք այցելության հետաձգումը պաշտոնապես չի հաստատվել ո՛չ Թուրքիայի, ո՛չ Եգիպտոսի և ո՛չ էլ Պաղեստինի կողմից։
Հիշեցնենք, սակայն, որ ավելի վաղ Hürriyet թուրքական պարբերականը գրել էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը դեպի Գազայի հատված չեղյալ է հայտարարվել:
Ինչպես հայտնում է պարբերականը, այցի կասեցման պատճառը Եգիպտոսում քաղաքական իրավիճակի սրացումն է, որտեղ նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալումից հետո շարունակվում են բախումները նրա համախոհների և ընդդիմադիրների միջև:
Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր Գազայի հատված այցելելու իր մտադրության մասին, որը նաև Իսրայելի կողմից հավանության էր արժանացել. վերջինս խոստացել էր չխանգարել Գազայի հատված թուրք վարչապետի այցելությանը: