«Սթար Դիվայդ» ՓԲ ընկերությունը, որին պատկանում է «Սթար» խանութների ցանցը, սնանկ է ճանաչվել: Օրեր առաջ՝ հուլիսի 29-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, ավարտել է «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ի հայցի քննությունը՝ «Սթար Դիվայդին» սնանկ ճանաչելու վերաբերյալ: Այս մասին գրում է 168.am-ը:
Պարզվել է, որ 2012 թ-ի նոյեմբեր ամսվա ընթացքում «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերությունը «Սթար Դիվայդի» հետ 2012թ. հուլիսի 1-ին կնքված թիվ մատակարարման պայմանագրի հիման վրա մի քանի խմբաքանակով իրականացրել է ընդհանուր արժողությամբ 76 մլն 845 հազար դրամ արժողությամբ ապրանքների (ալկոհոլային խմիչքների) մատակարարում, ինչը յուրաքանչյուր անգամ ձևակերպվել է համապատասխան հաշիվ-ապրանքագրերի երկկողմանի կնքմամբ: Մատակարարման պայմանագրի շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել «Սթարի» կողմից ապրանքների դիմաց վճարելու պարտավորության նկատմամբ կիրառել ֆակտորինգ, ինչը և իրականացվել է «Ամերիաբանկ» ընկերության հետ համաձայնագրի շրջանակներում: Սակայն 2012թ. դեկտեմբերի 4-ին «Պեռնո Ռիկար Արմենիան» բանկից ստացել է գրություն այն մասին, որ վերջինը՝ սկսած 29.11.2012թ.-ից հրաժարվում է իրականացնել հետագա ֆինանսավորումը: Այդ ժամանակ «Սթարի» պարտքը «Պեռնո Ռիկար Արմենիային» կազմում էր 76 մլն 845 հազար դրամ, որի նկատմամբ ֆակտորինգ չիրականացվեց: «Սթարը» հավաստիացրել է, թե պարտքը կփակի բանկային փոխանցումների միջոցով:
2013թ. հունվարի 30-ին «Սթարը» վճարել է 5 մլն դրամ՝ պարտքը հասցնելով 71 մլն 845 հազար դրամի, որից հետո վճարումներ այլևս չեն իրականացվել: Ի դեպ, «Սթար Դիվայդը» հարկ չի համարել ներկայացուցիչ նշանակել դատի ընթացքում, այլ իր դիրքորոշումը ներկայացրել է գրավոր: Սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արման Սարգսյանը: «Սթար Դիվայդ» ընկերության հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց (հեռախոսազանգերին պարզապես չեն պատասխանում)՝ պարզելու համար, թե արդյոք ընկերությունը պատրաստվո՞ւմ է բողոքարկել դատարանի վճիռը: Սնանկության ժամանակավոր կառավարիչ Արման Սարգսյանը հայտնեցլ է, որ տեղյակ չէ «Սթար Դիվայդի»՝ բողոքարկելու մտադրության մասին:
Նա նշեց, որ «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածի հիմքով այժմ պարտատերերը պետք է ներկայացնեն իրենց պահանջները, կկատարվի վերլուծություն և կորոշվի՝ ընկերությունը տարվելու է առողջացման, թե սնանկության գործընթացն է սկսվելու: Սա կպարզվի առաջիկա 2-3 ամսում: Ա.Սարգսյանը նաև նշեց, որ առաջիկայում դատարանը կհրապարակի «Սթար Դիվայդ» ընկերության բոլոր պարտատերերի ցուցակն ու պահանջը և պարզ կլինի, թե ընկերությունն ընդհանուր առմամբ որքան գումար է պարտք մատակարարներին:
Մանրամասներն' այստեղ: