Tert.am - Այսօր հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է՝ Վերափոխումն Սբ. Աստվածածնի, որը ժողովրդի մոտ այն ավելի լայն տարածում ունի որպես խաղողօրհնեք: Սա Տիրամորը նվիրված տոներից մեկն է, որը համարվում է ամենահինը:

Ավանդության համաձայն' Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր' երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը:

Աստվածածինն էլ այս բարի լուրը հայտնել է իր ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին' պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սբ.Կույսը նաև պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ վերջինս Սբ. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սբ. Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնացել է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցրել է մի տախտակ ու տվել Աստվածածնին և խնդրել, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա:

Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել և երեսին դրել, այնուհետև թրջել արցունքներով և Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևացել: Սենյակի վերևում հայտնվել է Քրիստոս' հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն' Աստվածամայրն ավանդել է հոգին:

Ս. Կույսի երկրային կյանքի վախճանը եկեղեցին որակում է ոչ թե «մահ», այլ « ննջում» բառով է որակում' հասկանալի դարձնելու նրա երկինք փոխադրված լինելը: Սբ. Բարթուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն այնտեղ չի լինում Սբ. կույսի մարմինը: Այդ նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել իր Մորը:

Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարթուղիմեոսին' որպես մխիթարություն: Ըստ Սբ.Մովսես Խորենացու' Հայաստանի առաջին լուսավորիչն այն բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, ուր հետագայում ի պատիվ Աստվածամոր եկեղեցի և կուսանոց է հիմնադրվում: Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը:
Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ' շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը:
Նյութը պատրաստված է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի qahana.am կայքում զետեղված նյութերի հիման վրա:

Տոնին հաջորդող օրը Մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար մատուցվում է հոգեհանգստյան Ս. Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին: Կառավարության որոշմամբ, մեռելոցի օրերը Հայաստանի Հանրապետությունում ոչ աշխատանքային են: