168.am - Թուրքական Taraf թերթում հրապարակվել է Հուսեին Օզայի «Հովվից ֆիլմի նման արշավ» խորագրով հոդվածը, որում ասվում է. «Թուրքիայի ու Հայաստանի միջև օրեր առաջ ծագած «հովվային ճգնաժամը» հիշեցնում է ֆիլմի սցենարի: Անկարայում արդեն իսկ ավարտվել է այդ միջադեպի հետաքննումը, ինչից հետո այն արդեն հիշեցնում է ոչ թե ֆիլմի, այլ՝ հեռուստասերիալի սցենար, քանի որ հովիվը «քիչ էր մնացել» երկու երկրներին ներքաշեր պատերազմի մեջ: Հետաքննման համաձայն՝ ճգնաժամը սկսվել է սահմանային գոտիներում հոտերն արածեցնելուց: Հայկական կողմը թուրք չինովնիկներին զգուշացրել է, որ թուրքերին պատկանող հոտերը չհատեն սահմանը և դրանց արածեցնեն իրենց սահմաններում: Թուրք սահմանապահներն էլ անասնապահներին զգուշացրել են, որ նրանք չհատեն Հայաստանի հետ սահմանը: Չնայած բոլոր զգուշացումներին՝ գյուղացիները շարունակել են հոտերն արածեցնելիս հատել Հայաստանի սահմանը: Դրանից ելնելով՝ Հայաստանի սահմանը հսկող սահմանապահներն առգրավել են թուրքերին պատկանող հոտերի մի մասը: Դրանց թվում են հայտնվել նաև սպանված Մուսթաֆա Ուլքերի անասունները: Գյուղացիները թուրք սահմանապահների ու չինովնիկների միջոցով սկսել են հոտերի վերադարձման շուրջ բանակցել հակառակ կողմի սահմանապահների հետ: Բանակցությունները պսակվել են հաջողությամբ, նրանց խոստացել են վերադարձնել իրենց կենդանիներին: Այն բանից հետո, ինչ թուրք գյուղացիները ստացել են իրենց անասունները, բռնկվել է մի նոր ճգնաժամ: Վերադարձված կենդանիների մի մասը տարբեր տեղերից վիրավորված են եղել. ոմանց եղջյուրներն են կոտրված եղել, ոմանց էլ պոչերն են կտրված եղել: Ելնելով դրանից՝ Մուսթաֆա Ուլքերը պլանավորում է վրեժխնդիր լինել հակառակ կողմի սահմանապահներից: Թուրք զինվորի համազգեստ հագած Ուլքերը մի գիշեր անցնում է սահմանը և կրակ է բացում սահմանապահների ուղղությամբ, ինչից հետո փախուստի է դիմում: Առաջին անգամ նրան դա հաջողվում է: Սակայն երկրորդ անգամ հարձակում ձեռնարկելիս նրան նկատում են ջերմային տեսախցիկներով և վիրավորում են գլխի շրջանից: Դրանից հետո նոր պարզվում է Ուլքերի ով լինելը, քանի որ սահմանապահները նախևառաջ կարծել են, թե հարձակվողը թուրք զինվոր է»: