Թուրք հովիվ Մուստաֆա Ուլքերը, ով հուլիսի 31-ին վիրավորվել էր հայ-թուրքական սահմանին և ավելի ուշ մահացել, նախքան այդ հարձակում էր գործել սահմանապահ ջոկատի վրա. գրում է REGNUM-ը:
ИТАР-ТАСС գործակալությունն իր հերթին, հղում կատարելով Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամլո քարտուղար Սերգեյ Գրեչինի խոսքերին, գրում է, որ 35-ամյա հովիվը կրակ էր արձակել ռուս սահմանապահների ուղղությամբ, որից հետո փորձել էր թափանցել հանրապետության տարածք: Սահմանապահները կրակ էին արձակել՝ վիրավորելով սահմանախախտին:
Ինչպես հավելում է REGNUM-ը, թուրք հովիվները պարբերաբար խախտում են Հայաստանի հետ սահմանը, սակայն սահմանապահները «առանց որևէ կրակ արձակելու՝ հետ են դարձնում նրանց Թուրքիա»: Թե ինչով է պայմանավորված եղել թուրք հովվի կողմից սահմանապահների վրա կրակ արձակելու հանգամանքն այս դեպքում, հայտնի չէ: Ըստ գործակալության՝ զոհված հովիվը սահմանը հատելիս ունեցել է այլ նպատակներ՝ բացի կորած ոչխարը փնտրելուց: