Lragir.am - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նամակ է ուղարկել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, որում մի քանի հատկանշական հայտարարություն է արել: Առաջին հերթին, Մամեդյարովը բնութագրել է Հայաստանի քաղաքականությունը ղարաբաղյան հարցում: Պարզվում է, որ Երեւանը fait accompli քաղաքականություն է հարկադրում (հակառակորդին կատարված փաստի առաջ դնել):
Սակայն գլխավորը՝ Մամեդյարովը բացահայտ սպառնում է Հայաստանին: «Քանի որ քաղաքական միջոցներով Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելու ջանքերն արդյունք չեն տալիս, ստատուս-քվոյի հետագա շարունակումը կարող է անկանխատեսելի հետեւանքների բերել, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա»:
Սա ոչ այլ ինչ է, քան բանակցային գործընթացից դուրս գալու, քաղաքական գործընթացը դադարեցնելու եւ այլ բնույթի գործողությունների անցնելու սպառնալիք: Հատկանշական է, որ Ադրբեջանը նման նամակով է հանդես գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի Բաքու կատարած այցերից հետո:
Կարելի է ենթադրել, որ Ալիեւը Պուտինից ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները դադարեցնելու քարտ-բլանշ է ստացել: Չնայած Պուտինը Բաքվում հայտարարել է, որ ղարաբաղյան խնդիրը բացառապես քաղաքական ճանապարհով պետք է լուծվի, ոչ ոք սակայն չի կարող պնդել, որ «քաղաքական ճանապարհը» միայն ՄԽ-ի շրջանակում բանակցություններն են:
Բացի այդ, ռուսական մամուլում արդեն Էրդողանին աջակցելու կոչեր են հնչում, ով բարդ իրավիճակում է հայտնվել իր արտաքին քաղաքականության ձախողման պատճառով: Թուրքիային այժմ օդի պես հաղթանակ է անհրաժեշտ թեկուզ ինչ-որ հակամարտությունում, եւ նման հաղթանակ կարող է դիտարկվել Ղարաբաղը:
Ըստ ամենայնի, ղարաբաղյան խնդիրը շարժվում է «հանգուցալուծման» ուղղությամբ: Գործընթացները դեռեւս վերահսկվում են, սակայն նկատվում է կառավարման վահանակները կիսելու, Մինսկի խումբը լուծարելու եւ գործընթացը «կառավարելի քաոսի» մեջ գցելու մտադրություն: Շարունակվող այլ հակամարտությունները, ի հեճուկս ակնկալիքների, տուրբուլենտ գոտի չեն մտնում: Օրինակ, հակամարտությունների արդյունքում չգիտես ինչու չեն տուժում միջազգային էներգետիկ հաղորդուղիները, քանի դեռ չեն փոխվել սահմանները, եւ հակամարտությունը տեղայնացվում է այնտեղ, որտեղ նախատեսվել էր:
Չի բացառվում, որ Ղարաբաղի մասով նման մի բան է մտածվել: Թեեւ, Բաքուն գիտակցում է, որ «քաոսը» կարող է մտցվել ներկայիս իրականությունը ճանաչելու համար: Ադրբեջանում հասկանում են, որ համաշխարհային հանրությունը ներկայիս ստատուս-քվոն համարում է իր համար ամենաձեռնտուն, եւ եթե ինչ-որ պատճառներ լինեին այն փոխելու, ապա նախորդ 20 տարիների ընթացքում դա արված կլիներ: Ահա թե ինչու է Ադրբեջանը նախազգուշացնում հենց «հակառակորդին կայացած փաստի առաջ կանգնեցնելու» քաղաքականության վտանգավորության մասին: Թերեւս, ակտիվորեն Բաքու այցելող արտասահմանցի դիվանագետները հենց դա են հուշել Ալիեւին:
Բաքվում, սակայն, պետք է հասկանան, որ այժմ Թուրքիայի եւ Ռուսաստանի քարտ-բլանշից օգտվելը շատ վտանգավոր կլինի: Այս մասին վկայում են բազմաթիվ օրինակները, որոնցից մեկը Սիրիան է: Բաքվում ներկայիս ստատուս-քվոն վերացնելու առաջարկներից կարող են օգվել միայն այն բանի համար, որ ներկայիս իշխանությունների վրայից գցեն Ղարաբաղի կորստի պատասխանատվությունը, այնպես, ինչպես արեց Սաակաշվիլիի Վրաստանը Հարավային Օսիայի եւ Աբխազիայի պարագայում: