Ամերիկացիները քննարկում են Հայաստանի միջուկային անվտանգությունը
Հայաստանում են ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկայի հարցերով 11 բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանք ժամանել են միջուկային անվտանգության սեմինարին մասնակցելու համար: Գրում է Lragir.am-ը:
Այն բանից հետո, երբ Ռոսատոմը հրաժարվեց Հայկական ատոմակայանի կոնցեսիոն կառավարումից, ԱՄՆ իր վրա է վերցրել Հայաստանի միջուկային անվտանգության երաշխավորի դերը: ԱՄՆ շնորհիվ, փաստացի, երկարաձգվեց ՀԱԷԿ-ի աշխատանքի ժամկետը, որի փակմանն են ձգտում Ադրբեջանն ու Թուրքիան: Բացի այդ, Ռուսաստանը փաստացի արգելափակել է Հայաստանի ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցումը, հայտարարելով, թե պատրաստ է ներդնել կես գումարը, ընդ որում՝ պատրաստ է մատակարարել ռեակտոր, իսկ շինարարությամբ պետք է զբաղվեն ուրիշները:
Հայաստանը տարածաշրջանի միակ միջուկային երկիրն է, եթե չհաշվենք Իրանը, որտեղ արդեն գործում է Բուշերի ԱԷԿ-ը: Թուրքիան 2017-ից է սկսելու ատոմակայանի շինարարությունը, սակայն այս ծրագրերը դեռ հավանություն չեն գտել:
ԱԷԿ-ի առկայությունը ոչ միայն էներգետիկ, այլեւ աշխարհքաղաքական անվտանգության երաշխիք է: Հայկական ատոմակայանը տեղակայված է Թուրքիայի հետ սահմանին, եւ դա Թուրքիայի զսպելու լավ «երաշխիք» է:
Բացի այդ, երկիրը, որն ունի միջուկային էներգետիկա, ստանում է հուսալի գործընկերոջ վարկ՝ նրան վստահում են ոչ միայն խաղաղ, այլեւ այլ ատոմ: Այս իմաստով, ամերիկացի էներգետիկ պաշտոնյաների այցը հատկանշական է: Հատկապես տարածաշրջանում սպառազինության մրցավազքի ֆոնին:
Ադրբեջանն ու Հայաստանն արդեն ունեն ամենահզոր հրթիռային զանգվածային ոչնչացման համալիրներ՝ ռուսական ու չինական արտադրության: Հաջորդ «լեվելը» կարող է լինել միայն միջուկային զենքը: Ռուսաստանը Հայաստանում գտնվող իր բազան համալրել է Իսկանդեր հրթիռային համալիրներով, որն, ինչպես ասում են, ի վիճակի է կրել միջուկային մարտագլխիկներ: Սակայն, ակնհայտ է, որ այդ համալիրները քիչ առնչություն ունեն Հայաստանի անվտանգության հետ:
Միջուկային անվտանգությունն առանցքային ոլորտներից մեկն է, որի վրա վերահսկողությունը ազդեցության լծակներ է տալիս: ԱՄՆ վերահսկողության է վերցրել Հայաստանի միջուկային անվտանգությունը, եւ դա տարածաշրջանում ամրապնդվելու հայտ է:
Նաիրա Հայրումյան