ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի քննարկում Սիրիայում լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Washington Post-ին։

Սիրիայի բանակի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցների հայտնաբերման դեպքում ամերիկյան իշխանությունները պատրաստվում են սահմանափակվել երկրի երկօրյա հրթիռակոծմամբ։

ԱՄՆ նախագահի վարչակազմում կարճատև հրթիռակոծությունն անվանել են «դաստիարակչական բնույթի միջոց»։ Պարբերականը նշում է, որ Սպիտակ տանը նման որոշումը համարում են իդեալական։

ԱՄՆ-ն չի ցանկանում Սիրիայի հետ երկարատև ռազմական գործողությունների մեջ ներքաշվել, սակայն միևնույն ժամանակ ցանկանում է կանխել գազային հարձակումների կրկնությունը։

Սպասվում է, որ կառավարական զորքերի հրթիռակոծությունը կկատարվի նավերից, սակայն չի բացառվում նաև ռազմավարական ռմբակոծիչների կիրառումը։

Ամերիկյան հետախուզությունը դեռևս չի զեկուցել քիմիական հարձակման վերաբերյալ իր հետաքննության արդյունքների մասին, սակայն Սպիտակ տունն արդեն քննարկում է նման հարվածի հնարավորությունը Կոնգրեսի և ՆԱՏՕ-ում իր գործընկերների հետ։

Հիշեցնենք, որ Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման հետևանքով, ըստ տարբեր գնահատականների, զոհվել է ավելի քան 1.000 մարդ։ Արևմտյան մի շարք երկրներ մեղադրում են կառավարական բանակին, սակայն վերջինս հերքում է մեղադրանքը։