Մոսկվայում 61393 զինվորական մասի պետ, 30-ամյա Ալեքսեյ Տյուտյուննիկովը օգոստոսի 28-ին Գերագույն դատարանի շենքի մոտ ինքնահրկիզման փորձ է կատարել, հաղորդում է «lifenews.ru»:
Լրատվամիջոցը նշում է, որ այդ ձևով Անվտանգության դաշնային ծառայության մայորը իր դժգոհությունն է արտահայտել իրեն զինված ուժերից զորացրելու դեմ:
Մինչ ինքնասպանություն կատարելը, զինվորականը Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևի անունով բողոք է գրել, որտեղ ներկայացրել է Ռուսաստանի դատական համակարգի անկատարությունը:
Գրության մեջ Տյուտյուննիկովը նշել է,որ 2013թ.-ի փետրվարի 8-ին իրեն չի հաջողվել արդարադատության դեմ որպես բողոքի նշան Գերագույն դատարանի շենքի մոտ իրականացնել ինքնահրկիզում, քանի որ սահմանափակվել է իր ազատությունը: Այնուհետև նա հայտնում է, որ, այնուամենայնիվ, ինքնահրկիզման այդ քայլը շուտով կկատարի: «Հատկապես մահվան այդ ձևի ընտրությունը պատահական չէ, քանի որ ես ցանկանում եմ ուշադրություն հրավիրել ժամանակակից Ռուսաստանում դատական համակարգի հիմնախնդրի վրա, որը ոչ միայն կարող է քողարկել հանցագործությունները, այլև հնարավորություն տալ զինվորական հանցագործներին անպատիժ իրականացնել կամայական իշխանություն»: Ինքնահրկիզվողը իր նամակում նշել է նաև դատավորների կողմից հայցվորների նկատմամբ ոչ քաղաքավարի վարքի դրսևորման կամ նրանց կողմից կանխավ արդեն որոշված սխալ դատավճիռներ կայացնելու հարցերի մասին: