Lurer.com–ը ներկայացնում է Սթիվեն Ռոզենբերգի հոդվածը Սիրիական ճգնաժամի վերաբերյալ, որը հրապարակել է BBC–ն։

«Ռուսների համար քննարկման ամենասիրված առարկաները պատմությունն ու աշխարհագրությունն են։ Վերջին շրջանում երկուսն էլ ակտիվորեն քննարկվում են։

«Հարավսլավիան՝ 1999-ին», «Իրաքը՝ 2003-ին», «Լիբիան՝ 2011-ին» անընդհատ հիշեցվում են ռուս պաշտոնատար անձանց և ռուսական ԶԼՄ–ների կողմից՝ որպես Արևմուտքի ռազմական ներխուժման օրինակներ, որոնց արդյունքում տեղի է ունեցել վարչակարգի փոփոխություն։

Մոսկվան կասկածում է, որ Արևմուտքը ծրագրել է այդ ցանկին ավելացնել «Սիրիան՝ 2013–ին»–ը։

Այս շաբաթ ՌԴ կառավարության պաշտոնական տպագիր մարմինը՝ «Ռոսիսկայա գազետան», հոդված էր տպագրել՝ «Ռիսկ կա՞նի արդյոք Օբաման կրկնել լիբիա–իրաքյան սցենարը Սիրիայում» վերտառությամբ։ Կարծես թե, Մոսկվան սպասելի է համարում ԱՄՆ–ի կողմից Սիրիայի տարածքին ռազմական հարված հասցնելը։ ՌԴ պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովն այս առումով ասել է. «Դա ընդամենը ժամանակի հարց է»։

Սակայն ռուսները շարունակում են պնդել, որ ռազմական միջամտությունը սխալ քայլ է։

«Կապիկը՝ նռնակով»

Նախ՝ Մոսկվայի կարծիքով չկան օբյեկտիվ ապացույցներ, որ հենց Բաշար Ասադն է կանգնած Դամասկոսի արևելյան շրջաններում կատարված քիմիական հարձակումների ետևում։

Ավելին, ռուսական կողմի պնդմամբ՝ ամեն ինչ հենց ապստամբների դեմ է, որոնք էլ կարող էին իրականացնել դա, որպեսզի վերջ դնեն խաղաղ բանակցություններին և ճնշում գործադրեն սիրիական կառավարության վրա։

Ռուսաստանը պահանջում է, որ թույլ տան ՄԱԿ–ի՝ Սիրիայում գտնվող փորձագետներին ավարտին հասցնել իրենց աշխատանքը և այդ մասին զեկուցել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին։

Երկրորդ՝ Ռուսաստանը զգուշացնում է, որ ռազմական միջամտությունը Սիրիայում կարող է ունենալ «աղետալի հետևանքներ» ողջ տարածաշրջանի համար. դրա հետևանքով ծայրահեղական իսլամի հետևորդների թիվը կավելանա։ ՌԴ փոխվարչապետն այդ առթիվ իր միկրոբլոգում գրել էր. «Արևմուտքը խաղում է իսլամական աշխարհի հետ, ինչպես կապիկը նռնակի»։

Եվ վերջապես, Ռուսաստանը վստահ է, որ ցանկացած ռազմական գործողություն՝ առանց ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների, կդիտվի որպես «միջազգային իրավունքի կոպիտ խախտում»։

Սակայն ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան, եթե, այնուամենայնիվ, Արևմուտքը հարվածի Սիրիային։

Ռուսական ամենահայտնի պարբերականներից «Комсомольская правда»–ն «զգուշացրել է», որ Արևմուտքի կողմից ռազմական միջամտությունը Սիրիայում փակուղու առջև կդնի Արևելքի և Արևմուտքի հարաբերությունները, ինչպես որ դա եղել է 1962-ին՝ Կարիբյան ճգնաժամի ժամանակ։

«Եթե Պենտագոնի լավատեսները հույս ունեն, որ Ռուսաստանն ընդամենը կսահմանափակվի զգուշացումներով և դժգոհության արտահայտմամբ, ինչպես որ դա եղել է Իրաքի և Հարավսլավիայի դեպքում, ապա նրանք սխալվում են»,– գրված է եղել պարբերականի պաշտոնական կայքում։

«Ժամանակները փոխվել են։ Խաղադրույքները շատ բարձր են, և Մոսկվան չի ընկրկի... Ո՞վ կզիջի առաջինը՝ Պուտի՞նը, թե՞ Օբաման»,– գրել է թերթը։

Ռազմական ուժի կիրառման վտանգը, հնարավոր է, խիստ չափազանցված է։ Չնայած Կրեմլը Ասադի հետևողական կողմնակիցներից մեկն է համարվում, այնուամենայնիվ, Ռուսաստանը դժվար թե թույլ տա իրեն ներքաշել Արևմուտքի հետ բացահայտ հակամարտության մեջ։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն ակնարկել է, որ իր երկիրը «չի պատրաստվում պատերազմել որևէ մեկի հետ»։

Սակայն, կան նաև այլ միջոցներ, որոնց օգնությամբ Ռուսաստանը կարող է արտահայտել իր անհամաձայնությունը ԱՄՆ-ի գործողությունների նկատմամբ։

Որոշ վերլուծաբանների կանխատեսմամբ՝ Մոսկվան կարող է ավելացնել սպառազինության մատակարարումը Դամասկոսին, ամրապնդել հարաբերությունները Իրանի հետ և թուլացնել տարբեր ոլորտներում համագործակցությունը Վաշինգտոնի հետ։ Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն ավելի են թուլանում։

Քչերն են կասկածում, որ Սիրիայում ռազմական միջամտությունն այդ բարդ հարաբերությունները կդարձնի ավելի լարված»,– ասված է հոդվածում։