Հյուսիսկորեացի երգչուհի Հեն Սոն Վոլը, ով ըստ ոչ պաշտոնական տվյալների, համարվում է ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ինի սիրուհին, գնդակահարվել է «Ինհասու» նվագախմբի մյուս արտիստների հետ միասին:Երաժիշտները մեղադրվել են պոռնոգրաֆիական կինոնկարում նկարահանվելու մեջ և դատապարտվել մահապատժի, հաղորդում է «vesti.ru»-ն՝ հղում անելով «The Telegraph» -ին:
Այս մասին, հենվելով Չինաստանի իրենց անանուն աղբյուրների վրա, հաղորդել են նաև հարավկորեական ԶԼՄ-ները:
Ըստ այդ տեղեկատվության երգչուհի Հեն Սոն Վոլը և է «Ինհասու» նվագախմբի 11 երաժիշտները գնդակահարվել են օգոստոսի 20-ին: Դրա համար ձևական առիթ են ծառայել, իբր թե, Չինաստանում հայտնաբերված պոռնոգրաֆիական ֆիլմերը, որոնց նկարահանումներին մասնակցել են հյուսիսկորեացի կատարողները: Բացի այդ, երաժիշտների բնակարաններում հայտնաբերվել են «Աստվածաշնչի» օրինակներ, որը, ըստ ամենայնի, նպաստել է պատժի խստացմանը:
Այս ամենի հետևանքով գնդակահարված երաժիշտների ընտանիքները ձերբակալվել և ուղարկվել են ճամբարներ:
Փորձագետների կարծիքով այս ողբերգական պատմության թիկունքում կանգնած է ԿԺԴՀ-ի ղեկավարությունը: Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Թոշիմիցու Շիգեմուրիի ասելով, եթե երաժիշտները մեղավոր լինեին անբարոյական նկարահանումների համար, նրանց արագ կուղարկեին բանտ և ոչ թե կենթարկեին մահապատժի:
Գիտնականը ենթադրում է, որ արտիստները կապ են ունեցել Կիմ Չեն Ինի հյուսիսկորեական քաղաքական հակառակորդների հետ: Բացի այդ, նկատի ունենալով, որ առաջնորդի կինը՝ Լի Սոլ Յուն, նույնպես «Ինհասու» նվագախմբի երգչուհի է եղել, հնարավոր է, որ այդ գործում ոչ երկրորդական դերակատարություն խաղացած լինի:
Հյուսիսային Կորեայի առաջնորդի նախորդ սիրուհու անունն առաջին անգամ արտասահմանյան մամուլում երևաց այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ աշխարհի ամենափակ երկրի ղեկավարն ամուսնանում է: Հաղորդվում էր, որ Հեն Սոն Վոլը Կիմ Չեն Ինի հետ հանդիպում էր արդեն 10 տարի: Սակայն երկրի ապագա ղեկավարի հայրը՝ Քիմ Չեն Իրը, դեմ էր այդ կապին և պահանջում էր վերջ տալ հարաբերություններին: Դրանից հետո, ըստ լուրերի, երգչուհին ամուսնացավ հյուսիսկորեացի մի գեներալի հետ, որից նա մի որդի է ունեցել և հեռացել երկրից: