Lragir.am Եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդը կգնա սարի մոտ: Պուտինը Հայաստան չեկավ, փոխարենը Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա՝ Պուտինին հանդիպելու: Մինչ այդ, Սարգսյանը մասնավոր այցով մեկնեց Խորվաթիա: Խորվաթիան հայտնի է իր առողջարանական կենտրոններով, եւ հավանաբար Սերժ Սարգսյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ որոշել է ուժ հավաքել, չկասկածելով, որ հանդիպումը լինելու է բավական ծանր: Ընդ որում, Խորվաթիան ուշագրավ է նաեւ այն առումով, որ հայ-խորվաթական հարաբերության այսպես ասած «բարեկամական կամուրջը» ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Նա բավական սերտ հարաբերություն ունի Խորվաթիայի իշխանության հետ, խոսակցություններ կան նաեւ, որ Ծառուկյանը ներդրումներ է կատարել Խորվաթիայի զբոսաշրջային բիզնեսում:

Այնպես որ, չի բացառվում, որ Պուտինի հետ դժվարին հանդիպմանը նախապատրաստվելու հարցում Սերժ Սարգսյանին օգնել է հենց Գագիկ Ծառուկյանը: Հավանական է, որ դա տեղի է ունենում ներիշխանական մերձեցման ժամանակաշրջանի համատեքստում: Օրինակ, գուցե այդ համատեքստում է նաեւ ՀՅԴ-ին հյուպատոսական պորտֆելի առաջարկը: Այլ կերպ ասած, Հայաստանի իշխող համակարգը հավանաբար թեւակոխել է ներկոալիցիոն մերձեցման մի փուլ, եւ Սերժ Սարգսյանը Պուտինի հետ հանդիպման է մեկնում հենց այդ ֆոնի պայմաններում: Միեւնույն ժամանակ, բավական լարված է ֆոնը փողոցում: Երեւանի քաղաքապետարան, Փակ շուկա, Կոմիտաս 5, բուհերի վարձավճարների թանկացման դեմ պայքար: Պայթյունավտանգ օջախները շատ ավելին են:

Դրան զուգահեռ, Ռոբերտ Քոչարյանն է ցուցադրում իր հանգստի կադրերն ու ակնարկում, որ գտնվում է լավ մարզավիճակում: Թեեւ դա գուցե ընդամենը նրա պատասխանն է ներիշխանական մերձեցման կամ հանդուրժողության փուլին, քանի որ այդ փուլերը որպես կանոն հղի են Ռոբերտ Քոչարյանի «մոռացությամբ», ու երկրորդ նախագահն այդ պայմաններում ինքն է հիշեցնում իր մասին, թերեւս ակնարկելով, որ քաղաքական առումով դեռեւս բավականաչափ կենսունակ է ներիշխանական ցանկացած համերաշխության միջամտելու համար: Այդ իմաստով, Պուտինի հետ հանդիպումից առաջ Սերժ Սարգսյանի համար ներքաղաքական-հասարակական ֆոնը «կայուն-ծանր» է: Ծանր է, բայց զգալիորեն պակաս կայուն, նաեւ արտաքին ֆոնը: Սիրիայի հարցում զարգանում են մտահոգիչ իրադարձություններ, որոնք մի կողմից Հայաստանի աշխարհաքաղաքական ռիսկերն ու պատասխանատվությունն են ավելացնում, մյուս կողմից էապես ավելացնում են պատասխանատվությունը հայության շրջանակում:

Շարունակությունն` այստեղ: