Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը «Ազատություն»ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում արձագանքում է Ռուսաստանի գլխավորած Մաքսային միություն մտնելու որոշմանը հետևած եվրոպացի պաշտոնյաների հայտարարություններին և ներկայացնում է Հայաստանի հետագա դիրքորոշումը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի հարցում:
«Ազատություն».- Պարոն Սարգսյան, երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը հրաժարվեց Վիլնյուսում ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։
Վիգեն Սարգսյան.- Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու որոշումը ամենևին չի նշանակում Եվրոպական միության հետ մեր քաղաքական երկխոսության դադարեցում կամ ընդհատում։ ՀՀ նախագահը բազմիցս հայտարարել և երեկ իր ռուս գործընկերոջ տված համատեղ ասուլիսի ժամանակ հաստատեց, որ Հայաստանի համար այն բարեփոխումները, որ իրականացվում են Եվրամիության աջակցությամբ, չափազանց կարևոր են։ Դրանք հասարակական, քաղաքական արդիականացմանն ու պետական կառավարման համակարգի ուժեղացմանն ուղղված բարեփոխումներ են։ Մենք շատ շնորհակալ ենք եվրոպական գործընկերներին այն ճանապարհի համար, որ անցել ենք միասին և նպատակ ունենք շարունակելու այդ ճանապարհը։ Հետևաբար մեր քաղաքական օրակարգում մնում է Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախաստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։ Իհարկե, հայտնի է այն կարծիքը և մոտեցումը, որ Մաքսային միությանը անդամակցությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ձևավորելու մասին համաձայնագրին։ ՀՀ-ի դիրքորոշումը հայտնի է. մենք միշտ համարել ենք, որ պետք է փորձել համադրել այդ դրույթները։ Դրա անհնարինության պարագայում մենք վերցնում ենք այդ համագործակցությունից այն ամենակարևորը, որ կար եվրոպական ուղղության վրա, այն է՝ մեր քաղաքական երկխոսությունը, արժեհամակարգային այն փոխգործակցությունը, որը թույլ է տալիս արդիականացնել երկիրը, և մենք համարում ենք, որ այդ դրույթները հիմնականում ամրագրված են Ասոցացման մասին համաձայնագրում։ Հետևաբար մեր օրակարգում մնում է Վիլնյուսում նախաստորագրելու խնդիրը։
Շարունակությունն` այստեղ: