Այսօր առավոտյան ծակած-կտրած վերքերով Երևանի «Մալաթիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2004 թվականին Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը: 

Ըստ դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության, ահազանգը բժշկական կենտրոնից Երևանի ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվել է ժամը 8-ի սահմաններում՝ Արտուշ Մարգարյանի հիվանդանոց ընդունվելուց 10 րոպե անց:

Մարգարյանը «Մալաթիա» բժշկական կենտրոնում անհապաղ ենթարկվել է վիրահատության, որի ավարտից հետո վիրահատող բժշկի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ նրա որովայնի առաջնային պատին առկա են չորս ծակած թափանցող վերքեր' լյարդի վնասումով, հեմատոմա որովայնի հետին պատին և չթափանցող կտրած երկու վնասվածքներ ձախ ձեռքի երակների շրջանում, առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի առթիվ Երևանի Մալաթիայի քննչական բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում բացատրություն է տվել Արտուշ Մարգարյանի կինը և, դատախազության հաղորդագրության համաձայն, նշել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ամուսինն իրենց որդու' Գուրգեն Մարգարյանի կորստի հետ կապված դարձել էր դյուրագրգիռ, տառապել անքնությամբ և օրվա մեծ մասն անցկացրել որդու դիմանկարի առջև: Այսօր ժամը 2.30-ի սահմաններում ամուսինը մնացել է հյուրասենյակում, իսկ ինքը գնացել է մյուս սենյակ' քնելու: Առավոտյան ժամը 7-ի սահմաններում մտնելով հյուրասենյակ' տեսել է, որ ամուսինը թիկն ընկած բազմոցի վրա ծանր շնչում է, և որովայնի ու ձախ ձեռքի շրջանները արյունոտված են: Բազմոցի վրա առկա արյունոտված դանակից հասկացել է, որ Արտուշ Մարգարյանը փորձել է ինքնասպանություն կատարել ու անմիջապես ոչ հեռու բնակվող որդուն' Վահե Մարգարյանին կանչել է օգնության և միասին տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել են:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է արյունոտված խոհանոցային դանակ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նյութերի նախապատրաստումը ոստիկանության Մալաթիայի բաժնում շարունակվում է։

ՀՀ դատախազություն