ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաղորդել է, որ այսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանն իրենց չի հաջողվել համաձայնության գալ, սակայն զրույցը եղել է բարեկամական, տեղեկացնում է Взгляд-ը։
«Դա շատ բովանդակալից, կառուցողական, բարեկամական զրույց էր։ Ամեն դեպքում այն անցավ բարեկամական մթնոլորտում։ Մեզանից յուրաքանչյուրը մնաց իր տեսակետին։ Սակայն երկխոսություն կա, մենք լսում ենք միմյանց, հասկանում փաստարկները։ Ես նրա հետ, նրա փաստարկների հետ համամիտ չեմ։ Նա համաձայն չէ ինձ հետ, սակայն մենք լսում ենք, մենք փորձում ենք վերլուծել»,-ասել է Պուտինը G20-ի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
Նա հաղորդել է, որ հանդիպման ընթացքում համաձայնության են եկել Սիրիայի հարցի լուծման քննարկումները շարունակելու վերաբերյալ։
Մասնավորապես, ՌԴ նախագահի խոսքով՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ամենամոտ ապագայում կսկսեն քննարկել այդ «ցավոտ թեման»։
Պուտինը նաև հաղորդել է, որ Օբամայի հետ հանդիպումը տևել է 20-30 րոպե։ «Մենք այսօր հանդիպել ենք, ոչ ոտքի վրա, այլ մեկ այլ վայրում, և զրուցել նստած»,-պատմել է Պուտինը։